Ղրիմի մանրանկարչական դպրոց

Ղրիմի մանրանկարչական դպրոց, հայկական մանրանկարչության դպրոց Ղրիմում։ Ղրիմի հայկական գաղութը գոյատևել է 13-19-րդ դարերում։ Այստեղ կառուցված եկեղեցիներում և վանքերում գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր (միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են Ղրիմում ընդօրինակված շուրջ 300 հայերեն ձեռագրեր)։

Ղրիմի մանրանկարչական դպրոց

խմբագրել

Ղրիմի մանրանկարչական դպրոցը հայ մանրանկարչության կարևոր ճյուղերից է։ Ղրիմի հայ նկարիչների ստեղծագործություններում նկատելի են մայր երկրի արվեստի ավանդներն ու կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը (14-րդ դարի վերջին Ղրիմ էին գաղթել նաև Կիլիկիայից)։ Ղրիմի մանրանկարչության վրա որոշակի ազդեցություն է թողել նաև նոր միջավայրը, ուր ապրել և ստեղծագործել են այլ ժողովուրդներ։ Հայ մանրանկարիչները ստեղծել են մի ուրույն արվեստ, որը բնորոշվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, գծային ու երփներանգային ձևերի յուրօրինակ զուգորդումով։ Ֆոնի ոսկին հաճախ փոխարինվել է մուգ կապույտ գույնով, որը մանրանկարներին հաղորդել է ընդգծված արտահայտչականություն և խորհրդավորություն։ Գրչության առավել նշանակալից կենտրոններն էին Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա) և Մուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ)։ Այստեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, ողջ Ղրիմում հռչակված Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը։ Երբ 15-րդ դարի վերջին թաթարները և թուրքերը գրավել են Ղրիմը, հայ գաղութի մշակութային կյանքն անկում է ապրել։

Գրչատների գործունեություն

խմբագրել

Գրչատների գործունեությունը կրկին աշխուժացել է 17-րդ դարում։ Նկարիչներից են Նաղաշ էոլպեն, Նիկողայոս Ծաղկարարը, Խասպեկը, որոնք շարունակել են իրենց նախորդների լավագույն ավանդույթները։ Տպագրական տեխնիկայի երևան գալով մանրանկարչական արվեստը իր տեղը զիջել է փորագրությանը, հաստոցային գեղանկարչությանը։ Այս ասպարեզներում ևս Ղրիմի հայերը նշանակալից հաջողություններ են ունեցել, որի ամենավառ արտահայտությունը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունն է։

Գրականություն

խմբագրել
  • Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ գաղթականության, ե․ 2, Կահիրե, 1955։
  • Միքայելյան Վ․, Ղրիմի հայկական գաղութի պատմություն, Ե․, 1964։ ․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։