Ձեռնարկության կառավարում

Ձեռնարկության կառավարում, ձեռնարկության ղեկավարման կազմակերպում, այդ ղեկավարումն իրականացնող մարմինների համակարգ։

Հիմքում արտադրության կառավարման հիմնական սկզբունքներն են, որոնք իրագործվում են կազմակերպական, դաստիարակչական և տնտեսական մեթոդներով։ Ձեռնարկության կառավարման համակարգը ձևավորվում է ելնելով ձեռնարկության կանոնադրությունից։ Այն ներառում է գծային ու ֆունկցիոնալ մարմինների կազմը, նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակները։ Ձեռնարկության միանձնյա ղեկավարը տնօրենն է։

Նրա առաջին տեղակալը՝ գլխավոր ինժեները, տնօրենին հավասար պատասխանատու է ձեռնարկության ամբողջ գործունեության արդյունքների համար և անմիջականորեն ղեկավարում է տեխնիկական ծառայությունների, լաբորատորիաների ու փորձարարական արտադրամասերի աշխատանքը։ Որոշ ձեռնարկություններում հաստատվում են խնայողական աշխատանքի համար երաշխավոր գլխավոր տնտեսագետի (ղեկավարում է տնտեսագիտության և արտադրությաև կազմակերպման լաբորատորիաները), ինչպես նաև տնօրենի նյութատնտեասկան, կադրերի և կենցաղային հարցերի գծով տեղակալների (օգնականների) պաշտոններ։

Տնտեսական և տեխնիկական գործունեության առանձին կողմերը ղեկավարում է գործարանի վարչությունը՝ ֆունկցիոնալ բաժինների միջոցով։ Ներքին ստորաբաժանումների գծային ղեկավարներն են արտադրամասի և հերթափոխի պետերը, աշխատանքի տեղամասի վարպետը։

Ձեռնարկության կառավարման կատարելագործման հիմնական ուղիներն են՝ արտադրությունների, արտադրամասերի, տեղամասերի խոշորացումը, արտադրության մասնագիտացումը, գործարանի վարչության բաժինների աշխատանքի ռացիոնալացումը, պլանավորման, հաշվառման և հսկողության համակարգի կատարելագործումը, կառավարման աշխատանքների մեքենայացումը։ Դրանց շնորհիվ կրճատվում են վարչա-կառավարչական ծախսերը, բարելավվում աշխատանքի տնտեսական ցուցանիշները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 697