Հուլիանոս Հալիկառնացի (V - VI դարեր, մահացել է 518 թ. հետո[1]), եկեղեցական գործիչ և աստվածաբան, Հալիկառնասոս քաղաքի եպիսկոպոս։ Հուլիանոսը եղել է Քրիստոսի մեկ բնության աստվածաբանական բանաձևի ջերմեռանդ պաշտպաններից մեկը։ Մոտավորապես 510 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ պայքարել է Քաղկեդոնի ժողովի քրիստոսաբանական բանաձևը չեղյալ հայտարարելու համար։ Քաղկետդոնադավան բյուզանդական կայսր Հուստինոս Ա գահ բարձրանալուց հետո Հուլիանոսը զրկվել է եպիսկոպոսական աթոռից։ Դրանից հետո նա մեկնել է Եգիպտոս` ապաստան գտնելով Ալեքսանդրիա քաղաքի վանքերից մեկում։

Հուլիանոս Հալիկառնասցի
Ծնվել է5-րդ դար
Մահացել էոչ վաղ քան 527
ԵրկերChronicle?
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Ալեքսանդրիայում Հուլիանոսը աստվածաբանական վեճի մեջ է մտնում մեկ այլ «միաբնիկ» աստվածաբան Սևերոս Անտիոքացու հետ այն հարցի շուրջ, թե «ապականացու» թե «անապական» (մականացու, թե ոչ մահկանացու) էր Հիսուս Քրիստոսի մարմինը։ Հուլիանոսը պնդում էր, թե Քրիստոսը ոչ թե հարկադրաբար, այլ իր կամքով էր ենթարկվել մարդկային բնական կրքրերին (քաղց, ծարավ, հոգնածություն, քուն, քրտինք, արտասուք և այլն)։ Դրան հակառակ Սևերոսը գտնում էր, թե փրկագործության համար անհրաժեշտ է, որ «Աստծո Որդին» ապականացու մարմին ունենար։ Այս վեճը պատճառ դարձավ Քրիստոսի մեջ մեկ բնություն դավանողների միջև պառակտման։

Հուլիանոսի ուսմունքը հայտնի է հուլիանականություն կամ աֆթարդոկետականություն անունով, իսկ այդ ուսմունքի կողմնակիցները մասնագիտական գրականության մեջ հիշատակվում են որպես հուլիանականներ կամ հուլիանոսականներ։

Հայ եկեղեցին և հուլիանականությունը

խմբագրել

Հայ առաքելական եկեղեցին` որպես Հիսուս Քրիստոսի մեջ մեկ բնություն դավանող, իր դավանանքի մեջ որդեգրել է անապականության վարդապետության որոշ տարրեր, թեև 726 թ. Մանազկերտի ժողովի որոշումներով բանադրել է և՛ Սևերոսին և՛ Հուլիանոս Հալիկառնացուն։ Այսպես, Հայոց եկեղեցին դավանում է, որ Հիսուս Քրիստոսը կրել է բոլոր մարդկային տկարությունները, ազատորեն անցել մարդկային կրքերի միջով` դատապարտելով դրանց մեջ «մեղքի թթխմորը» և ազատագրելով մարդկությանը մեղքի դատապարտվածությունից։ Հետևաբար «տնօրինական» գործեր են ոչ միայն Ավետարաններում ներկայացված Հիսուս Քրիստոսի հրաշքները՝ ջրի վրայով քայլելը, մեռելներին հարություն տալը, հացի բազմացումը և այլն, բայց նաև տկարությունները՝ ծարավը, հոգնությունը, արտասվելը։ Ըստ Հայոց եկեղեցու դավանության Քրիստոսը կրեց բոլոր մարդկային կրքերը կամավորապես կամ անապականաբար, ոչ «ի հարկէ» (հարկադրաբար) կամ բնության բռնադատվածությամբ։ «Բանն Աստված» ոչ թե առավ Ադամի նախաստեղծ բնությունը, այլ՝ մարդու ապականացու բնությունը՝ ապականակիր մարմինը և մեղանչական հոգին ու միտքը և, միավորելով իրեն, զատեց մեղքը հոգուց և ապականությունը՝ մարմնից։ Ուստի «Տերունական» մարմինն անապական է՝ սակայն ոչ թե ըստ բնության, այլ ըստ «անճառ» միավորության։ Նույնպես էլ՝ Քրիստոսի մարմինն ըստ բնության չարչարելի է և մահկանացու, սակայն ըստ «միավորության տնօրինության»` անչարչարելի և անմահ։

Գրականություն

խմբագրել
  • Երվանդ Տեր–Մինասյան, Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվո եկեղեցիների հետ, Էջմիածին, 2009։
  • Կարապետ Տեր–Մկրտչյան, Հայոց եկեղեցու պատմություն, Էջմիածին, 2011։
  • Spicilegium Romanum, vol. 10, Synodus cpolitana, edited by Angelo Mai (Rome, 1844), pp. 206–211,
  • Anecdota Syriaca, vol. 3, edited by J. P. N. Land (Leiden, 1870), pp. 263–271.
  • René Draguet, Julien d'Halicarnasse et sa controverse avec Sévère d'Antioche sur l'incorruptibilité du corps du Christ (Louvain, 1924)
  • "Pièces de polémique antijulianiste," Le Muséon 44 (1931)։ 255–317;
  • Martin Jugie "Julien d'Halicarnasse et Sévère d'Antioche," Échos d'Orient 24 (1925)։ 129–162, 257–285;
  • Robert P. Casey, "Julian of Alicarnassus," Harvard Theological Review 19 (1926)։ 206–213.

Ծանոթագրություններ

խմբագրել