Հոտառության օրգաններ
Հոտառության օրգաններ, մարդու և կենդանիների օրգաններ, որոնց միջոցով իրականանում է հոտառությունը։
- Մարդկանց հոտառության օրգանները տեղակայված են քթի խոռոչի վերին (ետին) հատվածում, ոսկրային ելուստների՝ խեցիների, մասամբ նաև քթի միջնորմի վրա և ծածկված են հոտառական էպիթելով։
- Կաթնասունների մեծ մասի (մակրոսմատիկների) հոտառական շրջանը մեծացած է քթի խոռոչի ոսկրային պատի հավելյալ խեցիների հաշվին։ Սողունների և որոշ կաթնասունների քթի միջնորմում, բացի հիմնական հոտառության օրգաններից, տեղադրված է նաև Յակոբսոնի օրգանը։
- Ձկների հոտառության օրգանները զույգ փոսիկներ են կամ պարկեր, որոնք գտնվում են գլխի վրա, բերանային ճեղքին մոտ։ Միջատների մոտ դրանք անտենաների վրա գտնվող զգայական գոյացություններ են, հոտառական սենսիլներ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Illu_nose_nasal_cavities.jpg/220px-Illu_nose_nasal_cavities.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/48/Nasal_cavity_-_anterior_view.jpg/220px-Nasal_cavity_-_anterior_view.jpg)
Հոտառության օրգանների առանձնահատուկ ֆունկցիան ապահովում են հոտառական էպիթելի իլիկաձև ընկալող բջիջները, որոնց ընդհանուր թիվը ճագարների մոտ հասնում է մինչև 100 մլն, մարդկանց մոտ՝ 10 մլն։ Նշված բջիջներն ունեն կենտրոնական և ծայրամասային ելուստներ։ Երկար, նուրբ, կենտրոնական ելուստը մյուս նույնանման ելուստների հետ կազմում է ոչ միելինապատ հոտառական նյարդը։ Ծայրամասային ելուստը վերջանում է կոճղեզանման լայնացումով, որն իր մակերեսին կրում է մի խուրձ բարակ մտրակներ՝ հոտառական մազիկներ։ Վերջիններս ընկղմված են բջիջներից արտադրվող լորձի մեջ և ենթադրում են, որ դրանց մեջ է իրականանում հոտավետ նյութերի մոլեկուլների առաջնային փոխազդեցությունը բջջի հետː
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 583)։ ![]() |