Հյուսվածքային կուլտուրաներ

Հյուսվածքային կուլտուրաներ, էքսպլանտացիա, մարդու, կենդանիների կամ բույսերի օրգանիզմից անջատված փոքր օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների երկարատև կենդանի պահպանման մեթոդ։ Հյուսվածքային կուլտուրաների առաջին հաջող փորձերը կատարվել են 1907-ին, ամերիկացի գիտնական Ռ. Հարիսոնի կողմից, որը օրգանիզմից դուրս ավշի կաթիլի մեջ տեղավորել էր գորտի սաղմի նյարդային հյուսվածքի մասնիկներ։ Նշված միջավայրում սաղմի բջիջները ապրել էին մի քանի շաբաթ, նկատվել էր նյարդային բջիջների տարբերակում, աքսոնների աճում։ Առանձնահատուկ նշանակություն ունեցավ Ռ. Հարիսոնի առաջարկած «կախ կաթիլի մեթոդը», երբ հյուսվածքային կուլտուրաներ աճեցվում էին պլազմայի մակարդուկի (հենք) վրա պատրաստված սաղմնային մզվածքի կաթիլում։ Հետագայում այս մեթոդը կաւոարելագործեցին ֆրանսիացի գիտնական Ա. Կարելը, ամերիկացի գիտնական Մ. Բերոուզը, ռուս գիտնականներ Ս. Մաքսիմովը, Ն. Պոպինը, Ա. Տիմոֆեեսկին և ուրիշներ։ Ա. Կաբելը և Մ.Բերոուզը մարդու և տաքարյուն կենդանիների Տ. կ. հաջողությամբ աճեցրին արյան պլազմայի և հավի սաղմի հյուսվածքների մզվածքի վրա։ Հյուսվածքային կուլտուրաների հաջող ստացման հիմնական պայմանը վարակազերծումն է։ 1929-ին Ֆելը և Ռոբինսոնը հյուսվածքային կուլտուրաներ աճեցրին ժամացույցի ապակիների վրա՝ պլազմայի մակարդուկի մակերեսին։ Նրանք դիտել են հավի սաղմի վերջույթի մորֆոգենեզը. հոդերի առաջացումը, աճառային և ոսկրային հյուսվածքների զարգացումը։ Ֆելի հետազոտությունները Հյուսվածքային կուլտուրաների նոր բնագավառի՝ օրգանների կուլտուրայի ստեղծման սկիզբը հանդիսացան։ Հյուսվածքային կուլտուրաներ կարելի է աճեցնել նաև փորձանոթներում, առանց պլազմայի հենքի։ Այդպիսի աճի համար ցանկացած հյուսվածքը կամ օրգանի մասերը նախապես մշակվում են տրիպսին պրոտեոլիտիկ ֆերմենտով, որը քայքայում է միջբջջային նյութը, բջիջներն անջատվում են միմյանցից և աճում միաշերտ անընդհատ կուլտուրայի ձևով։ Այս մեթոդով հյուսվածքային կուլտուրաների աճը կարելի է պահպանել տարիներ շարունակ։ Պարզաբանված է հյուսվածքային կուլտուրաների սննդային միջավայրի առանձին գործոնևերի դերը, միջավայրի pH-ի, ջերմաստիճանի, օսմոտիկ ճնշման նշանակությունը։ Բջջային կուլտուրաների համար օգտագործվում է արհեստական սննդային միջավայր, որը պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ, գլյուկոզ, արյան շիճուկ (2—10%) և անտիբիոտիկներ։ Օրգանների կուլտուրայի համար կիրառում են ֆիզիոլոգիական լուծույթով պատրաստված ագարի կամ ժելատիևի միջավայր, որին ավելացվում են վերը նշված բաղադրամասերը։ Հյուսվածքային կուլտուրաների մեթոդը մեծ գործածություն է գտել փորձառական կենսաբանության և բժշկագիտության մեջ։ Բջջային կուլտուրաները հարմար օբյեկտ են բջջի վրա ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տարբեր գործոնների ազդեցությունն ուսումնասիրելու համար։ Հյուսվածքային կուլտուրաներով պարզվեցին մի շարք ընդհանուր կենսաբանական հարցեր, բջիջների և հյուսվածքների փոխհարաբերությունը, դրանցում կատարվող փոփոխությունները, միաոզի օրինաչափությունները, սովորական բնականոն բջջի վերածվելը քաղցկեղային բջջի և այլն։ Հյուսվածքային կուլտուրաների նշանակությունը մեծ է վիրուսաբանության, սաղմնաբանության, ուռուցքաբանության, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի բնագավառներում։

Սննդարար միջավայրում աճեցվող կուլտուրային բջիջներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 456