Հյուգո գրական մրցանակները, համարվում են ֆանտաստիկ ժանրի ամենահին և արժեքավոր մրցանակներից մեկը։

Շնորհվում են ամերիկյան Գիտաֆանտասիկայի Համաշխարհային Միություն (անգլ.՝ World Science Fiction Society | ԳՖՀՄ) կազմակերպության կողմից՝ նախորդ տարվա լավագույն գիտական կամ ֆենտեզի[1] ֆանտաստիկայի ոլորտի աշխատանքների և ձեռքբերումների համար։

Մրցանակների անվանումը կապված է գիտաֆանտաստիկ գրականության պիոներ հանդիսացող «Զարմանահրաշ պատմություններ» (անգլ.՝ Amazing Stories) ամսագրի հիմնադիր Հյուգո Գերնսբեկի (Hugo Gernsback) հետ (մինչև 1993 թ․ Հյուգոն ոչ պաշտոնական անվանումն էր, իսկ պաշտոնապես մրցանակները կոչվում էին Գիտաֆանտաստիկ նվաճումների տարեկան մրցանակ [Annual Science Fiction Achievement Award])։ Մրցանակները ունեն պատվանդանին ամրացված հրթիռի տեսք։

Մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի՝ սկսած 1955 թ․-ից։ Մրցանակակիրները ընտրվում են ԳՖՀՄ տարեկան կոնֆերանսի (Worldcon) մասնակիցների և աջակիցների կողմից՝ իրենց իսկ կողմից նախապես ընտրված 5 թեկնածուներից։ Մրցանակների կատեգորիաներից կարելի է նշել՝ վեպ, պատմվածք, պատկերային պատմվածք, դրամատիկ ներկայացում և տարբեր պրոֆեսիոնալ ու երկրպագուական գործողություններ։ Հետաքրքրական է, որ կարելի է ընտրել նաև «ոչ մի մրցանակ» կետը, որի գերակայության պարագայում տվյալ կատեգորիայում մրցանակ չի շնորհվի։

Գիտաֆանտաստիկ ժանրի համար ներկայումս գործող համադրելի մրցանակներից կարելի է նշել Նեբուլա մրցանակները (անգլ.՝ Nebula Awards), որոնք շնորհվում են Ամերիկայի Գիտական և Հեքիաթային Ֆանտաստիկայի Գրողների միության կողմից (անգլ.՝ Science Fiction and Fantasy Writers of America), ինչպես նաև ոչ անգլախոս երկրներից՝ ճապոնական Սեյուն մրցանակները (Seiun Awards), որոնց օտարալեզու կատեգորիաներում առաջադրված թեկնածուները հաճախ համընկնում են Հյուգոյի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆենտեզին ֆանտաստիկ գրականության տեսակ է, որը հիմնված է ավանդապատումային և հեքիաթային մոտիվների վրա։ Մեծ մասամբ հիշեցնում է պատմական-արկածային վեպ, որի մեջ նկարագրված գործողությունները տեղի են ունենում Միջնադարին մոտ մտացածին աշխարհում՝ գերբնական երևույթների և էակների (օրինակ՝ վիշապներ) մասնակցությամբ։ Ի տարբերություն գիտական ֆանտաստիկայի, հեղինակի կողմից փորձ չի կատարվում գիտական բացատրություն տալ տեղի ունեցող երևույթներին։

Արտաքին հղումներ խմբագրել