Հիդրոլոկացիա
Հիդրոլոկացիա (հիդրո և լատիներեն locatio— տեղավորում), ստորջրյա առարկաների տեղի (ուղղության և հեռավորության) հայտնաբերումը օբյեկտների առաքած ձայնային ազդանշանների (պասսիվ լոկացիա) կամ այդ օբյեկտներից անդրադարձած արհեստական ձայնային ազդանշանների (ակտիվ լոկացիա) միջոցով։ Կարևոր նշանակություն ունի ստորջրյա անտեսանելի խոչընդոտների, ձկների վտառների, խորասուզված նավերի հայտնաբերման, ծովի հատակի քարտեզագրման համար։ Կիրառվում է նաև ռազմական նպատակներով՝ սուզանավերին հետևելու և հայտնաբերելու, տորպեդային ու հրթիռային զենքի կիրառման դեպքում նպատակակետի կոորդինատները որոշելու համար։ Հիդրոլոկացիոն սարքերը (հիդրոլոկատոր, աղմուկապելենգատոր և այլն), իբրև կանոն, գործում են ուլտրաձայնային ալիքներով, որոնք սովորական ձայնային ալիքների համեմատությամբ ավելի թույլ են արտահայտում դիֆրակցիայի երևույթը։ Այս հանգամանքը կարևոր է ուլտրաձայնային ալիքների խիստ ուղղորդված փնջեր ստանալու համար։ Հիդրոլոկացիոն սարքերի հիմնական բնութագիրը հայտնաբերման հեռավորությունն է, որը կախված է առաքվող ազդանշանի հզորությունից, ձայնային խանգարումների մակարդակից և ջրում ձայնի տարածման պայմաններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 397)։ |