Հետքաբանություն, տրասոլոգիա (ֆրանսերեն trace— հետք), քրեագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է հանցագործության հետ առնչվող հետքերը (տեսանելի կամ անտեսանելի), դրանք հայտնաբերելու համար մշակում հատուկ մեթոդներ, ձևեր ու գիտատեխնիկական միջոցներ՝ անձի կամ օբյեկտի նույնացման նպատակով։ Ըստ քրեագիտության, հետքը, լայն առումով, օբյեկտի նյութական փոփոխությունն է, նեղ առումով՝ մեկ օբյեկտի արտաքին հատկանիշների արտացոլումը մյուսի վրա՝ շփման հետևանքով։ Հանցագործությունների քննության պրակտիկայում մեծ նշանակություն ունի ձեռքերի, ոտքերի, ատամների, տրանսպորտի միջոցների, կոտրանքի և այլ առարկաների հետքերով օբյեկտների խմբային պատկանելության որոշումը, հետք թողած առարկայի որոշումն ու քննության հետ առնչվող այլ հանգամանքների պարզումը։ Օրինակ, ոտքի հետքով որոշվում է անձի սեռը, մոտավոր հասակը, շարժման ուղղությունը, ֆիզիկական թերությունը, հետք թողնելու ժամանակը և այլն։ Հետքաբանությունը լայնորեն օգտվում է ժամանակակից գիտության (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) նվաճումներից, գիտական այն տվյալներից, ըստ որի նյութական աշխարհի օբյեկտներն անհատական են, միմյանց հետ գտնվում են փոխադարձ կապի ու պայմանավորվածության մեջ, ունեն արտաքին հատկանիշներն արտացոլելու հատկություններ։ Հետքաբանական փորձաքննության տվյալները ձևակերպվում են որպես փորձագետի եզրակացություն և դասվում ապացույցների շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 374