Հետերոզիգոտություն, հիբրիդային օրգանիզմին բնորոշ վիճակ, երբ հոմոլոգ քրոմոսոմները կրում են այս կամ այն գենի տարբեր ալելներ։ «Հետերոզիգոտություն» տերմինն առաջարկել է անգլիացի գենետիկ Ու. Բեյթսոնը 1902-ին։ Հետերոզիգոտությունը առաջանում է տարբեր որակ, քանակ և գեների կառուցվածքային դասավորություն ունեցող գամետների միաձուլումից։ Հետերոզիգոտությունը, որպես օրենք, սեռական պրոցեսի հետևանք է, սակայն կարող է լինել նաև մուտացիաների հետևանքով։ Հետերոզիգոտության ժամանակ մահացու և վտանգավոր ռեցեսիվ ալելների ազդեցությունը ճնշվում է համապատասխան դոմինանտ ալելի առկայությամբ և կարող է կրկին ի հայտ գալ, երբ նշված գենն անցնի հոմոզիգոտ վիճակի։ Հետերոզիգոտությունը լայնորեն տարածված է բնական պոպուլյացիաներում և հավանաբար հետերոզիսի պատճառներից մեկն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 373