Հեմոլիզ արյունալուծում, էրիթրոցիտոլիզ, էրիթրոցիտների քայքայման և դրանցից հեմոգլոբինի անջատման պրոցես։ Հեմոլիզը լինում է ֆիզիոլոգիական և ախտաբանական։ Ֆիզիոլոգիականը էրիթրոցիտների կենսական ցիկլի (մոտ 120 օր) ավարտն է, որը տեղի է ունենում մարդկանց և կենդանիների օրգանիզմում։ Ֆիզիոլոգիական բնականոն պայմաններում օրական հեմոլիզի է ենթարկվում էրիթրոցիտների ամբողջ զանգվածի 0, 8%-ը, սովորաբար «ծերացողները», որոնց վերջնական քայքայումը կատարվում է առավելապես փայծաղում։ Էրիթրոցիտներից անջատված հեմոգլոբինից, բարդ փոխարկումների շնորհիվ, առաջանում է բիլիռուբին լեղապիգմենտը։ Արյան մեջ բիլիռուբինի, իսկ կղանքում և մեզում դրա ածանցյալների քանակությամբ հնարավոր է պարզել հեմոլիզի արտահայտվածության աստիճանը։ Հեմոգլոբինի քայքայման պրոցեսում անջատված երկաթը պահեստավորվում է լյարդի և փայծաղի ռեթիկուլո-էնդոթելային բջիջներում։ Բարդ փոխարկումների շնորհիվ երկաթը կապվում է արյան սպիտակուցի գլոբուլինային ֆրակցիաների հետ և մասնակցում նոր հեմոգլոբինի առաջացման պրոցեսին։ Էրիթրոցիտները քայքայող գործոնի և ինհիբիտորների (կենսաբանական պրոցեսներն արգելակող նյութեր) հաշվեկշռի շեղումները կարող են առաջացնել արյան քայքայման պրոցեսների գերակշռություն և հանգեցնել ախտաբանական հեմոլիզի։ Վերջինս նկատվում է հեմոլիտիկ սակավարյունության, հեմոգլոբինոպաթիաների, հեմոլիտիկ թույների (բակտերիաների տոքսիններ, կապար, մկնդեղ, նիտրոբեն-զոլ), քիմիական որոշ գործոնների, ցածր ջերմաստիճանի ազդեցության, անհամատեղելի արյան փոխներարկման, ռեզուս-կոնֆլիկտի (նորածինների հեմոլիտիկ հիվանդություն), ինչպես նաև որոշ դեղորայքների ընդունման դեպքերում։ Ախտաբանական հեմոլիզը ընթանում է ռեթիկուլո-էնդոթելային համակարգի (լյարդ, ոսկրածուծ, ավշա հանգույցներ) բոլոր բջիջներում և կարող է նկատվել նաև անոթային հունում։ Վերջինիս դեպքում քայքայված էրիթրոցիտների հեմոգլոբինի մեծ մասը կապվում է յուրահատուկ սպիտակուցի՝ հապտոգլոբինի հետ, իսկ ավելցուկը, անցնելով երիկամային ֆիլտրով, հայտնվում է մեզում։ Էրիթրոցիտների մեծ զանգվածի քայքայումն ուղեկցվում է ախտաբանական ծանր երևույթներով (հեմոլիտիկ շոկ) և կարող է հասցնել մահվան։ Հեմոլիզի ենթարկված պահածոյացված արյունը պիտանի չէ օգտագործման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 351