Հարվածայնություն
Հարվածայնություն, հարվածային շարժում, ուդառնիկություն (ռուս.՝ ударник), աշխատանքի արտադրողականության բարձրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, աշխատանքում բարձր տեմպեր ապահովելու համար աշխատողների սոցիալիստական մրցության առաջին և առավել զանգվածային ձևերից Խորհրդային Միությունում, ինչպես նաև սոցիալիստական ճամբարում և այլ կոմունիստական երկրներում։
Սկզբնավորվել Է 20-ական թվականների կեսերին, երբ Մոսկվայի, Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Ուրալի, Դոնբասի արդյունաբերական ձեռնարկությունների առաջավոր համարվող բանվորները կազմակերպեցին հարվածային խմբեր, ապա բրիգադներ։ Հարվածայնությյան գլխավոր հատկանիշն էր համարվում արտադրական նորմաների գերակատարումը։
ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1930 թվականի ապրիլի 28-ի որոշման մեջ հարվածային շարժման հիմնական նպատակ համարվեց նաև «արտադրության ամբողջ պրոցեսի համակողմանի բարելավումը, աշխատանքի լավագույն կազմակերպումը, արտադրության և կառավարման ռացիոնալացումը, գյուտարարության զարգացումն ու արտադրության կուլտուրայի արմատավորումը»։
Հետագայում հարվածայնությունը ծավալվեց և ձարգացավ նոր ձևերով՝ հանդիպական արտֆինպլանների ընդունում, իզոտովյան, ստախանովյան շարժում (հանքափոր Ալեքսեյ Ստախանովի անվամբ), տնտհաշվարկային բրիգադներ, երկհարյուրականներ, հազարականներ և այլն։ 1950-ական թվականներին, երբ առաջացավ աշխատանքի նկատմամբ «կոմունիստական վերաբերմունքի» շարժումը, հարվածայնությունը ծավալվեց առավել մեծ չափերով։ Տվյալ ոլորտում հաջողություններ գրանցած անձանց տրվում էր «Կոմունիստական աշխատանքի հարվածային» (Ударник коммунистического труда) պատվավոր կոչումը։ Հարվածայինները միշտ չէր, որ ԽՍՀՄ քաղաքացիներ էին։ Մի առիթով, հարվածայինի կոչման է արժանացել բրիտանուհի կոմունիստ Ջեսսի Իդենը, ով աշխատում էր Ստալինի անվան ավտոմոբիլային գործարանում (հետագայում՝ ԶԻԼ)[1]։
Հարվածային աշխատուժի խթանման գաղափարախոսությունն այն էր, որ սոցիալիստական մրցության միջոցով աշխատավորներն օրինակ կվերցնեին առաջապահներից[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Stevenson, Graham. «Eden Jessie: The Real Jessie Eden and Peaky Blinders». Encyclopedia of Communist Biographies. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ The Soviet Economy. Ardent Media. 1968. էջ 268. GGKEY:1SK4L7X01QE.
- ↑ Stephen E. Hanson (2000 թ․ նոյեմբերի 9). Time and Revolution: Marxism and the Design of Soviet Institutions. Univ of North Carolina Press. էջ 163. ISBN 978-0-8078-6190-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 313)։ |