Հարկադրական տատանումներ
Հարկադրական տատանումներ, ստիպողական տատանումներ արտաքին փոփոխական ուժի ազդեցությամբ որևէ համակարգում առաջացող տատանումներն են (օրինակ՝ լարման և հոսանքի ուժի տատանումներն էլեկտրական շղթայում՝ փոփոխական ԷլՇՈւ-ի ազդեցությամբ, մեխանիկական համակարգի տատանումները՝ փոփոխական բեռնվածքի ազդեցությամբ են)։
Հարկադրական տատանումների բնույթը պայմանավորված է ինչպես արտաքին ուժի բնույթով, այնպես էլ իր՝ համակարգի հատկություններով։ Պարբերական արտաքին ուժի ազդման սկզբում հարկադրական տատանումների բնույթը ժամանակի հետ փոխվում է (այսինքն՝ ստիպողական տատանումները սկզբում պարբերական չեն), և միայն որոշ ժամանակ անց համակարգում հաստատվում են պարբերական հարկադրական տատանումներ․ (կայունացած հարկադրական տատանումներ), որոնց պարբերությունը հավասար է արտաքին ուժի պարբերությանը։
Որքան մեծ է տատանողական համակարգի մարման գործակիցը, այնքան հարկադրական տատանումները ավելի արագ են հաստատվում։ Հարկադրական տատանումների ամպլիտուդը որոշվում է ազդող ուժի ամպլիտուդով և համակարգի տատանումների մարումով։ Եթե մարումը թույլ է, ապա հարկադրական տատանումների ամպլիտուդն էապես կախված է ազդող ուժի հաճախականության և համակարգի սեփական տատանումների հաճախականության հարաբերակցությունից։ Երբ արտաքին ուժի հաճախականությունը մոտենում է համակարգի սեփական հաճախականությանը, հարկադրական տատանումների ամպլիտուդը կտրուկ աճում է՝ առաջանում է ռեզոնանս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |