Հարավ-ռուսական բանվորական միություն

«Հարավ-ռուսական բանվորական միություն» (ռուս.՝ Южно-русский рабочий союз), «Չոռնի պերեդել»-ի (Чёрный передел) նախկին անդամներ Ելիզավետա Կովալսկայայի և Նիկոլայ Շչեդրինի կողմից 1880 թվականի գարնանը Կիևում հիմնված բանվորական քաղաքական կազմակերպություն։ Ունեցել է տարբեր ազգության մի քանի հարյուր անդամ։ «Միության» կորիզը՝ խմբակը (10 մարդ), կապեր էր հաստատել «Արսենալ» գործարանի, երկաթուղային արհեստանոցների, տպարանների բանվորների հետ։ «Միության» առաջին ծրագիրը հիմնականում կրկնել է «Չոռնի պերեդել» ծրագրի դրույթները, շուտափույթ «ժողովրդական հեղափոխություն», որի գլխավոր նպատակն է «տնտեսական հեղաշրջումը» (հողի, գործարանների հանձնումը ժողովրդին, հասարակական արտադրության. վերակառուցում՝ ասոցիացիաների հիման վրա), որից հետո Կմտցվեն դեմոկրատական ազատություններ, բանակը կփոխարինվի տեղական ժողովրդի աշխարհազորներով։ Ծրագիրն առաջ էր քաշում «գործարանային տեռորը» (սարքավորումների փչացում, գործարանատերերի, վարպետների ծեծ ու սպանություն), որով իբրև հասնելու էին աշխատավարձի բարձրացման, աշխատանքային օրվա կրճատման և գործադուլների իրավունքի ձեռքբերման)։ Ծրագիրը ընդունում էր նաև անհատական տեռորը։

Նիկոլայ Շչեդրին
Ելիզավետա Կովալսկայա

1880 թվականի հոկտեմբերին, Շչեդրինի և Կովալսկայայի բանտարկությունից հետո, «Միության» գլուխ կանգնեցին Ի. Ն. Կաշինցեը, Մ. Ն. Բոգոմոլեցը, Պ. Օ. Իվանովը և Ա. Ի. Պրեոբրաժենսկին, որոնց մշակած երկրորդ ծրագիրը առավելությունը տալիս էր բանվորների շրջանում տարվող պրոպագանդային ու ագիտացիային և բացասական վերաբերմունք էր դրսևորում տեռորի նկատմամբ։ 1881 թվականի սկզբին «Միությունը» տապալվեց, իսկ դրա 10 ղեկավարները դատապարտվեցին տաժանակրության ու աքսորի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 290 CC BY-SA icon 80x15.png