Հասարակ և հատուկ գոյականներ

(Վերահղված է Հատուկ գոյականից)

Հասարակ և հատուկ գոյականներ, գոյականի իմաստային–քերականական խումբ։

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, ինչպես՝ տղա, մարտ, ծաղիկ, մեխակ, գյուղ, հայտարարություն և այլն։

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։ Այդպիսի անուններ տրվում են մարդկանց, աշխարհագրական վայրերին, պետություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, ստեղծագործություններին, կենդանիներին և այլն։

Հասարակ և հատուկ անունների միջև եղած իմաստային յուրահատկությունը ստեղծում է նաև որոշ քերականական տարբերություններ։ Այսպես, ի տարբերություն հասարակ անունների, հատուկ անունները սովորաբար չեն ունենում հոգնակի թիվ, հմմտ.՝ գրքեր - «Քաոս», «Անահիտ»։ Պետք է նկատի ունենալ, որ կան հոգնակի ձևով գործածվող անուններ, ինչպես՝ «Կայծեր», «Ցեցեր», «Վարդանանք», Ալպեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սրանք անվանողական տեսակետից եզակի արժեք ունեն, և դիտվում են որպես մեկ երկրի, մեկ ստեղծագործության անուն, որը և իր համապատասխան արտահայտությունն է գտնում քերականական համաձայնության դեպքում։ Օր.` «Կայծերը» արագ տարածվեց ընթերցողների շրջանում։ Կայծերը արագ տարածվեցին չորս կողմը։ Որոշ անձնանուններ ունեն հավաքականությանը մոտ հոգնակի` Վարդանանք, Հակոբենք, որը նշանակում է Վարդանը իր յուրայինների հետ։ Օր.` Վարդանանք մարտնչում էին։ Ազգանունները հոգնակի թվով գործածվում են այն դեպքում, երբ մեկից ավելի անձինք ունենում են նույն ազգանունը, և վերջինս գործածվում է մեկ անգամ, բայց հոգնակի թվով, օր.` Գնել և Հրայր Հակոբյանները։ Ազգանվան հոգնակին գործածվում է ընտանիքը, գերդաստանը անվանելու համար, օր.` Գրիգորյանների տանը այսօր տոնախմբություն է։ Հատուկ անուններն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։

Ըստ Այտընյանի՝ այն բառերը, որոնք որոշակի անձին կամ տեղին են վերաբերվում, նրա հատուկ լինելն են ցույց տալիս անվանվում են ածական հատուկ անուններ (Արտաշեսյան, Սեբաստացի, Աթենական և այլն)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։