Հատիկաչափական բաղադրություն

Հատիկաչափական բաղադրություն, տարբեր տրամաչափի մասնիկների պարունակությունը ապարներում, հողում կամ արհեստական հատիկավոր նյութերում՝ արտահայտված տոկոսով ըստ զանգվածի կամ տվյալ չափսի հատիկների թվով նմուշում։

Կախված հետազոտման նպատակից հատիկաչափական բաղադրություն որոշվում է տարբեր աստիճանի մանրամասնությամբ։ Ըստ հատիկաչափական բաղադրության տվյալների ընդհանուր դասակարգում չկա, քանի որ նպատակները և օբյեկտները, որոնց համար որոշվում է հատիկաչափական բաղադրություն, այլազան են։ Երկրաբանության (լիթոլոգիա), գրունտագիտության, հողագիտության, ծովային երկրաբանության մեջ և տեխնիկայում (օգտակար հանածոների հարստացում) առկա են սեփական դասակարգումներ և հատիկաչափական ֆրակցիաների անվանումներ։ Այսպես, նստվածքային ապարների մեջ տարբերում են խոշոր (>500 միլիմետր), միջին (500-250 մմ), մանր (250-100 մմ) գլաքարեր, կոպիճ (100-10 մմ), խոշոր (10—5 մմ), մանր (0, 25-0, 10 մմ) խճաքար, կոպիտ (2-1 մմ), խոշոր (1-0, 5 մմ), միջին (0, 5-0, 25 մմ), մանր (0, 25-0, 10 մմ) ավազ, ալերիտ (0, 10-0, 05 մմ), փոշի (0, 05-0, 005 մմ), կավ (<0, 005 մմ)։

Հատիկաչափական բաղադրությունը որոշվում է հատիկաչափական անալիզի օգնությամբ։ Բեկորային ապարների համար հատիկաչափական բաղադրությունը դասակարգման հատկանիշ է և կարևոր դեր է խաղում նրանց առաջացման պայմանների վերծանման գործում։ Գրունտների հատիկաչափական բաղադրությունը տալիս է տեխնիկական տվյալներ շինարարական նպատակների համար, հողերինը՝ բերքատվությունը պայմանավորող կառուցվածքային առանձնահատկություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 272