Հավատարմագիր, պաշտոնական փաստաթուղթ, որով հավաստվում է դիվանագիտական ներկայացուցչի լիազորությունը մեկնած երկրում։ Հավատարմագիր ստորագրում և հանձնում է պետության գլուխը և սովորաբար ամրապնդվում է արտաքին գործերի մինիստրի ստորագրությամբ։ Հավատարմագիր տրվում է դեսպաններին ու դեսպանորդներին։ Գործերի հավատարմատարներին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը հանձնում է հավատարմատվական նամակ։ Հավատարմագրում նշվում է ուղարկողի և ստացողի անունն ու տիտղոսը, մեկնողի անունն ու աստիճանը, հավատարմագրվածին հավատ ընծայելու խնդրանքը։ Հավատարմագրվածը տվյալ պետություն մեկնելուց հետո առաջին աուդիենցիայի (ունկնդրման) ժամանակ հավատարմագիր հանձնում է պետության գլխին, որի հաստատված պատճենը առաքվում է արտաքին գործերի մինիստրին։ Հավատարմագրի ընդունումից հետո դիվանագիտական ներկայացուցիչը իր գործունեությունն իրականացնում է առանց լրացուցիչ լիազորությունների, սակայն նրան արգելվում է կնքել միջազգային համաձայնագրեր։ Պետության գլխի մահվան (որը հանձնել է կամ որի օրոք հանձնվել է հավատարմագիր), մեկնած երկրում կամ տվյալ ներկայացուցչի երկրում կառավարման ձևի, դիվանագիտական ներկայացուցիչի աստիճանի փոփոխության դեպքում հավատարմագիրը ուժը կորցնում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 265