Հավանականությունների հավասարակշռում

«Հավանականությունների հավասարակշռում» կոնցեպտը (անգլ.՝ balance of probabili­ti­es), որը հայտնի է նաև «ավելի հավանական է, քան ոչ» անվանումով, հանդիսանում է ապացուցողական շեմ կամ չափանիշ, որի կիրառման պարագայում գործում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայության կամ բացակայության կանխավարկածը, քանի դեռ այդ կանխավարկածը չի հաղթահարվել հակառակն ապացուցող փաստերով։ Այն առավել բնորոշ է անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Հավանականությունների հավասարակշռում ապացուցողական չափանիշը ենթադ­րում է, որ ապացուցման բեռը կրող կողմը դա­տարանում «հաղ­թանակ է տանում», եթե առնվազն 51%-ով ապացուցում է իր պնդման ճշմարտացիությունը։ Հավանականությունների հավասարակշռում ապացուցողական չափանիշի դեպքում դատավարության կողմերը հավասարապես կրում են իրենց վկայակոչած փաստերի ապացուցման պարտականությունը։ Կողմերից յուրաքանչյուրն ունի մյուս կողմի առաջ քաշած կանխավարկածը հաղթահարելու իրավունք՝ իր ներկայացրած փաստերի և հանգամանքների ճշմարտացիությունն ապացուցելու միջոցով։ Եթե դատավարության մի կողմը առավել հավանական ապացույցներ կներկայացնի մյուս կողմի համեմատությամբ, կհամարվի իր վկայակոչած փաստն ապացուցած։

Որպես օրինակ՝ պետության կողմից կարող է առաջ քաշվել որևէ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնավարման ընթացքում  կուտակած եկամուտների ապօրինի ծագման կանխավարկածը, որը չհաղթահարելու դեպքում պաշտոնատար անձին պատկանող ապօրինի գույքը ենթակա կլինի բռնագանձման։

Հավանականությունների հավասարակշռում ապացուցողական չափանիշն առավել կիրառելի է քաղաքացիական գործերով դատաքննության ընթացքում, և դրանով իսկ տարբերակվում է քրեական դատավարությանը բնորոշ «ողջամիտ կասկածից վեր» ապացուցողական չափանիշից, որի պարագայում փաստերի ապացուցման պարտականությունն ամբողջությամբ դրվում է պետության վրա՝ ի դեմս քրեական հետապնդման մարմինների, իսկ հանցանք կատարած անձն ազատվում է իր անմեղությունն ապացուցելու պարտականությունից[1]։ Ընդհանուր մոտեցման համաձայն՝ հավանականությունների հավասարակշռումը առավել պարզեցված մոտեցում է, քանի որ այն նախատեսում է ապացուցման ավելի ցածր չափանիշ, քան քրեական դատավարությունում կիրառելի «ողջամիտ կասկածից վեր» ապացուցողական շեմը։ Հավանականությունների հավասարակշում չափանիշի կիրառումն ակնհայտ առավելություն է ստեղծում դատավարության կողմերի համար՝ ապացուցման բեռը թեթևացնելու միջոցով[2]։

Հավանականությունների հավասարակշռում ապացուցողական շեմը իր ամրագրումն է ստացել այնպիսի միջազգային պայմանագրերում, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ կոնվենցիան[3] և Եվրոպական միության 2014/42 դիրեկտիվը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Criminal or civil standard of proof».
  2. Greenberg, Theodore (2009). “Stolen Assets Recovery: A Good Practices Guide for Non-Conviction Based Asset Forfeiture”. The International Bank for Reconstruction and Development.
  3. (PDF) https://www.unodc.org/documents/brussels/UN_Convention_Against_Corruption.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX%3A32014L0042&qid=1541682532524&from=EN. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)