Հառիճի ընկերություն (Հառիճավանքի ընկերություն, Հառիճի վանական ընկերություն), հայկական մշակութային կրթական կազմակերպություն։ Ստեղծվել է 1850-ին, Գյումրիում՝ տեղի հայրենասեր երիտասարդների նախաձեռնությամբ։ Հիմնադիր անդամներն էին Աղաբեկ Տիգրանյանը, Հովսեփ Կոստանյանը, Գրիգոր Վեքիլյանը, Բարսեղ Խանանուշյանը և ուրիշներ։ Ընկերության նպատակն է եղել նորոգել և պահպանել Շիրակի ճարտ. գոհարներից մեկը՝ Հառիճ գյուղի Ս. Աստվածածնա տաճարը։ Ընկերության եկամտի աղբյուրը հիմնականում անդամավճարը և նվիրատվությունն էր։ Նորոգումն իրականացրել են Գյումրի քաղաքի նշանավոր վարպետները (Թաթոս Անտիկյան և ուրիշներ)։ Հառիճի ընկերության անդամներ են եղել ժամանակի նշանավոր դեմքեր, այդ թվում Ավետիք Իսահակյանի ծնողները՝ Սահակ Նիկողոսի Իսահակյանը և Ալմաստ Գաբրիելի Իսահակյանը։ Ընկերության գործունեությունը լայն արձագանք է գտել, նրան անդամագրվել են ոչ միայն Շիրակի գյուղերից ու քաղաքներից, այլև Արևմտահայաստանից, Ռուսաստանից, նույնիսկ՝ օտարազգիներ։ Հառիճի ընկերության նախագահ, կրթական նշանավոր գործիչ Հովսեփ Կոստանյանի անմիջական ղեկավարությամբ Հառիճում կառուցվել են բազմաթիվ տնտ. շենքեր, հյուրասենյակներ։ Ալեքսանդրապոլի տիկնայք 1881-ին կազմել են ընկերության Ս. Սանդխտյան խնամակալություն՝ Շիրակի գյուղաշխարհի աղջիկների կրթությանը նպաստելու համար։ Հառիճի ընկերության ջանքերով վերաբացվել է Հառիճի դպրոցը, որը դարձել է Գևորգյան ճեմարանի նախապատրաստական բաժանմունք։ Հառիճի ընկերությունը գործել է մինչև 1910-ական թթ., գրեթե 70 տարի անընդհատ և խոշոր միջոցներ է ծախսել վանքի նորոգման ու պահպանության և Հառիճի դպրոցը պահելու վրա։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 244)։
|