Հաջորդական պատկերներ, զգայարանների վրա առարկաների ներգործությունից հետո գիտակցության ոլորտում ընկալման պատկերներից մնացած «հետքեր» (տեսողական, լսողական և այլն)։ Առարկային ուշադիր նայելուց հետո, հայացքը միատարր սպիտակ ֆոնին տեղափոխելիս, երևում է դրական հաջորդական պատկերը, որը ըստ լուսավորության և գույնի նման է ընկալման պատկերին։ Դրան հետևող պատկերը, որն ունի լրացուցիչ գունային առանձնահատկություններ, կոչվում է բացասական։

Ընկալման պատկերի առաջացումը պայմանավորված է անալիզատորում կատարվող ֆոտոքիմիական և էլեկտրաքիմիական բարդ պրոցեսներով։ Հաջորդական պատկերներ են առաջանում գրգռիչների տևական ազդեցության պատճառով ռեցեպտորների հոգնածությունից։ Ցանցաթաղանթի ցերեկային տեսողության ռեցեպտորներում (սրվակներում) կա երեք տեսակ պիգմենտացիա, որը զգայուն է գունային սպեկտրի տարբեր երկարության ալիքների նկատմամբ։ Երբ գույներից մեկն ազդում է տևականորեն, ապա այն ընկալող պիգմենտը քայքայվում է, և այդ գույնի նկատմամբ աչքի զգայունակությունը թուլանում է։ Չեզոք ֆոնին նայելիս առաջանում է լրացուցիչ գունային զգայություն։

Հաջորդական պատկերների օգտագործման վրա է հիմնված կինոն, որում մեկ վայրկյանում տրվում է 24 առանձին պատկեր, սակայն դրանց ինտերվալները լցվում են դրական Հաջորդական պատկերներով, և դիտողին թվում է, թե հայացքի առջևով անցնում են անընդհատ իրադարձություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 243