Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան (Իսրայել)

հուշարձան Իսրայելում


Հայոց ցեղասպանության 1915-1923 թվականների անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, հուշարձան Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում։ Տեղադրվել է 2020 թվականի ապրիլի 24-ին։ Հեղինակ՝ Դավիթ Գալֆայան, ճարտարապետ՝ Ռոբերտ Օհանյան։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան
տեսակհուշարձան
տարի2020
քաղաքՊետահ Տիկվա

Խորհուրդ խմբագրել

Ժայռից պոկված անմոռուկ ծաղիկը, որով հարուստ է հայկական լեռնաշխարհը, խորհրդանշում է 1915-1923 թվականների 1,5 միլիոն անմեղ զոհերի հավերժ հիշատակը։ Ժայռաբեկորից, որից կերտված է հուշարձանը, ջուր է հոսում, ինչը խորհրդանշում է անմեղ զոհերի համար թափված արցունքները[1]։

Պատմություն խմբագրել

Պետահ Տիկվա քաղաքում կանգնեցված հուշակոթողը Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանն է Իսրայելում։ Տեղի հայ համայնքի ակտիվիստների հանդիպումներից և քննարկումներից հետո 2015 թվականին ստեղծվել է Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման կոմիտե, որն ավելի ուշ վերանվանվել է «Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման կոմիտե»[1]։

Առաջարկված նախագծերից ընտրվել է Դավիթ Գալֆայանի նախագիծը։ 2017 թվականի նոյեմբերի 15-ին հեղինակի հետ միասին դիմում է ներկայացվել Պետահ Տիկվայի քաղաքապետարանի մշակույթի վարչության հուշարձանների հաստատման խորհրդին՝ նախագիծը վավերացնելու նպատակով, և 2019 թվականի դեկտեմբերի 21-ին նախագիծը հաստատվել է[1]։

Հուշարձանը տեղադրվել է քաղաքի «Համայնքների այգում», որը 2023 թվականի ապրիլի 2-ին վերանվանվել է Շառլ Ազնավուրի զբոսայգի։ 2018 թվականին հուշարձանի կառուցման աշխատանքները պաշտոնապես հանձնարարվել են Պետահ Տիկվայի հայերի «Նաիրի» միությանը։ Միության անդամ ճարտարապետ Ռոբերտ Օհանյանը, հուշարձանի հեղինակ՝ «Նոյան տապան» հայկական կրթամշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Գալֆայանը, «Նաիրի» միության հիմնադիր անդամներ Սմբատ Մխիթարյանը, Արտյոմ Չեռնոմորյանը, Տիգրան Մամաջյանը, Կարեն Հարությունյանը, Վյաչիսլավ Գրիգորյանը, Վիկտոր Բրեյլը, Նելլի Թառումյանը և Գայանե Սահակյանը ձեռնամուխ են եղել կառուցապատման աշխատանքները սկսելու անհրաժեշտ թղթերի կազմմանը՝ համայնքապետարանին ներկայացնելու համար։ Պետահ Տիկվայի նախկին քաղաքապետ Իցխակ Բրավերմանի հետ հանդիպումներից հետո համաձայնություն է ձեռք բերվել շինարարության վերաբերյալ[1]։

Այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններից հետո, նոր քաղաքապետ Ռամի Գրինբերգը հանդիպում ունեցավ հուշարձանի կառուցման կոմիտեի անդամների հետ, համաձայնություն ձեռք բերվեց կարճ ժամանակում ավարտել անհրաժեշտ բոլոր աշխատանքները ։ 2019 թվականի մայիսի 16-ին հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումից հետո ստեղծվեց ֆինանսական խորհուրդ՝ Իսրայելում և արտերկրում, շինարարության համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար[1]։

Հուշակոթողի կառուցման աշխատանքները հանձնարարվել է «StoneE Services» ընկերությանը (տնօրեն՝ Կարեն Պետրոսյան, քարի վարպետ՝ Արտավազդ Հովհաննիսյան)[1]։

Հուշարձանի բեկորները տեղափոխվել են Իսրայել Փոթիի վրացական նավահանգստով։ 2020 թվականի հունվարի 27-ին մոնտաժային աշխատանքներից հետո ավարտվել է հուշարձանի տեղադրումը[1]։

Հուշահամալիրի բացման արարողությանը (2020 թվականի ապրիլի 24-ին) մասնակցել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ղեկավար անձինք և հյուրեր ամբողջ Իսրայելից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «בפתח תקווה :אנדרטה זו מוקדשת לקורבנות התמימים של רצח העם הארמני שבוצע ע"י האימפריה העות'מנית בין השנים 1915-1923».

Արտաքին հղումներ խմբագրել