Հայոց թագավորություն (նախագիծ)

Հայոց թագավորություն, Ռուսաստանին հովանավորության ներքո ինքնավար հայոց թագավորության ստեղծման նախագիծ հայ հայենասերների կողմից, որոնք առաջարկել են հայ հայենասերները Ռուսական կայսրության ցար Նիկոլայ Ա-ին 1827 թվականին։ 1827 թվականին տվյալ հողերը, որոնք նախատեսված էր ընդգրկել ստեղծվելիք թագավորության կազմի մեջ դեռ գտնվում էին Պարսկաստանի ձեռքերում։ Ընդ որում, կային Վրացական նահանգի մեջ մտնող այլ հայկական հողերը, որոնք հայ գործիչները չէին մտցնում ստեղծվելիք ինքնավար Հայոց թագավորության մեջ, քանի որ դրանք արդեն կցված էին Ռուսական կայսրությանը։

1827, Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու նախագիծ։ 1826-28-ի ռուս-պարսկական պատերազմը (տես Ռուս-պարսկական պատերազմներ 1804-13, 1826-1828) դեռ չավարտված՝ հայ ազատագրական շարժման գործիչներին և ռուսական արքունիքին մտահոգում էր այն հարցը, թե ինչ վարչակարգ է հաստատվելու Ռուսաստանի տիրապետության տակ անցած (տես Գյուլիստանի հաշտության պայմանագիր 1813) և անցնելիք հայկական տարածքներում։ Հայ գործիչները (մասնավորապես՝ Ներսես Աշտարակեցին, Հ. Ալամդարյանը և ուրիշներ) հույս ունեին, որ հայկական այդ տարածքներում կվերականգնվի հայկական պետականությունը՝ Ռուսաստանի հովանավորության ներքո։ Ցարական կառավարությունը, որին հայտնի էին այդ միտումները, Պետերբուրգում ստեղծեց հատուկ կոմիտե, որն զբաղվելու էր նորանվաճ տարածքների ապագա կացության հարցով։ Ռուսաստանի հայ գործիչներ Խ. Լազարյանը, Կ. Արղությանը, Ա. Խուդաբաշյանը ռուսական արքունիք ներկայացրին մի նախագիծ, որով Հայաստանի՝ Արաքսից հյուսիս ընկած մասը պետք է ինքնավարություն ստանար Ռուսաստանի կազմում։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու էր Հայոց թագավորությունը (կազմվելու էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Շաքիի նահանգներից, «Հայոց թագավոր» տիտղոսը մտնելու էր Նիկոլայ I-ի տիտղոսների մեջ)՝ Էջմիածնի Մայր աթոռի գլխավորությամբ, կատարվելու էր ներգաղթ, կամավոր հիմունքներով ստեղծվելու էր հայկական զորք, որը կփոխարիներ ռուսական զորքերին և կկատարեր սահմանապահ ծառայություն։ Նախագիծը մերժում էր ճորտատիրական իրավունքը։

Ռուսաստանի հովանավորության տակ հայկական պետականությունը վերականգնելու նույն բովանդակությամբ նախագիծ էր ներկայացրել նաև քաղաքական գործիչ Սերովբե վարդապետ Կարնեցին։ Այդ նախագծերն անհարիր էին Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությանը և չիրագործվեցին։ 1828-ին հայկական հողերի մի մասից միայն ստեղծվեց Հայկական մարզը՝ որպես հատուցում հայ ազատագրական շարժման գործիչների պատրանքների, և գոյատևեց մինչև 1840-ը։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Պարսամյան Վ.Ա., Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները, Ե., 1947։
  • Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե., 1974։