Սան Պաուլո քաղաքում հայերը սկսել են հաստատվել 19–րդ դարի վերջին։ 2017 թվականին այստեղ բնակվում էր շուրջ 35 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով և արհեստներով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ, որոշակի թիվ են կազմում մտավորականները, արվեստի գործիչները։ Գործում են Սուրբ Գևորգ (առաքելական), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կաթոլիկ) եկեղեցիները և ավետարանական եկեղեցիներ, Գուրյան ազգային, Փառեն և Ռեգինա Պազարյան վարժարանները, ՀԲԸՄ մասնաճյուղը, հայրենակցական, երիտասարդական միություններ։ Հրատարակվում են «Սխիան» և «Իրիս» («Ծիածան») պարբերականները։

Սան Պաուլոյի հրապարակներից, կամուրջներից և մետրոյի կայարաններից մեկը կոչվում է Արմենիա (կայարանը վերանվանվել է Արմենիա՝ 1995 թվականին)։ Կայարանի երկու գլխավոր մուտքերում զետեղվել են երկու խաչքար-հուշարձաններ՝ հետևյալ արձանագրությամբ. «Այս կայարանը վերակոչվում է Արմենիա ի պատիվ այն ժողովրդի, որը եկավ այս երկիր՝ վերապրելով դարիս առաջին ցեղասպանությունը, իր ջանասիրությամբ, տաղանդով ու ապրելու կամքով եղավ Բրազիլիայի գիտակից քաղաքացին և նպաստեց այս երկրի մշակույթին, ճարտարվեստին ու բարօրությանը»։ Արմենիա հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։