Հայերը Սան Ֆրանցիսկոյում

Սան Ֆրանցիսկոյում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի 80-90-ական թվականներին։ 1912 թվականին նրանց թիվը 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924 թվականին Սան Ֆրանցիսկոյամ (Օքլենդի և Բերկլիի հետ) բնակվել է 1500 հայ։ Հայերի հոսքը շարունակվել է ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ 1962 թվականին Սան Ֆրանցիսկոյամ և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Ռեդվուդ Սիթի, Սան Խոսե, Բերկյի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ են) բնակվել է 6 հզ. հայ, 1970-ական թվականների սկզբին՝ շուրջ 10 հզ., 1983 թվականին՝ 25 հզ.: 2003 թվականի տվյալներով Սան Ֆրանցիսկոյի և շրջակայքի հայերի թիվը շուրջ 100 հզ. է։

Սկզբնական շրջան խմբագրել

Առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բիթլիսցիներ. զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ են։ Հետագա տարիներին հայերն աստիճանաբար ընդգրկվել են քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում։

Գործող կազմակերպություններ խմբագրել

Համայնքի ազգային հասարակական կյանքը կազմակերպում են հայապահպան գործունեությամբ զբաղվող զանազան միություններ։ 20-րդ դարի սկզբից գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի, Ամերիկահայ իրավանց խորհրդի, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության, Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միության, Հայ դատի հանձնախմբի, ինչպես նաև ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, հայրենակցական միությունների, Թեքեյան, Համազգային և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։

Հասարակական կյանքը խմբագրել

Սան Ֆրանցիսկոյամ և արվարձաններում գործում են հայ առաքելական Ս. Գրիգոր Լուսավորիչ (1925 թվականից), Ս. Հովհաննես Մկրտիչ (1941 թվականից, ունի տիկնանց օժանդակ մարմին), Ս. Վարդան (1932 թվականից), ավետարանական Գողգոթա (1926 թվականից) և Բեթըլ (1933 թվականից) եկեղեցիները։ Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական Եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980 թվականին բացվել է նորակառույց Հայ կենտրոնը՝ սրահով և Գռուզյան-Զաքարյան Վասպուրական ամենօրյա վարժարանով։ 1994 թվականից Բերկլիի համալսարանում գործում է Վիլյամ Սարոյանի անվան հայագիտական ամբիոնը։ 1924-1995 թվականներին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը։ 1921 թվականին հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ 1960-ական թվականների սկզբին ստեղծվել է Հայ դրամատիկ թատերախումբը (գործել է 16 տարի)։ Այժմ գործում են «Կռունկ» պարախումբը, Նիկոլ Աղբալյան գրադարանը, թատերախումբ։ Եթեր է հեռարձակվում հայկական ռադիոժամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 172  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։