Հայերը Ջենովայում, Ջենովայի առևտրականների և հայերի առնչությունները սկիզբ են առնում XI դարից, երբ Ջենովայի նավերը սկսել են երթևեկել Ղրիմի ափերը, որտեղ գոյություն ուներ հոծ հայ համայնք, իսկ հարավ-արևելքում Ջենովան սերտ հարաբերություններ է ունեցել Կիլիկյան Հայաստանի հետ։ 1201 թվականին Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ նրանց շնորհել է ազատ առևտրի և այլ առանձնաշնորհումներ։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո էլ շարունակվել են հայերի ու ջենովացիների առևտրական սերտ հարաբերությունները հատկապես Ղրիմի Կաֆա քաղաքում։ Ջենովացիները թույլ են տվել հայերին բնակվել իրենց տնօրինության տակ գտնվող առևտրաավաններում։ Հայ վաճառականները նպաստել են ջենովացի գործընկերների շահութաբեր առևտրական գործարքներին՝ կապեր պահպանելով Սև ծովի կովկասյան ու փոքրասիական երկրների հետ։ Ջենովայում են կառուցվել ու նորոգվել հայ վաճառականների նավերը։ XIV դարի սկզբից հիշվում է այստեղ հիմնված Հայոց տունը։ 1307 թվականին Ջենովայի Մուլտեդո արվարձանում հայերը կառուցել են վանք ու եկեղեցի՝ Ս. Բարդուղիմեոս (գոյատևել է մինչև 1650 թվականը)։ Վանքում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։ Ջենովայում գտնվել են բազմաթիվ հայերեն վիմագրություններ, դամբարանագրեր (մի քանիսը պահպանվել են ցայսօր), որոնք վկայում են XVI-XVII դարերի հայերի ներկայության մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։