Հայաստանի մասին լրատվության և փաստագրության կենտրոն

Հայաստանի մասին լրատվության և փաստագրության կենտրոն («Informations սոd Dokumentations Zentrum Armenien») գիտահետազոտական կենտրոն Բեռլինում, հիմնել են պատմաբաններ Թ. Հոֆմանն ու Ժ. Քոչարյանը 1985 թ.՝ Հայաստանի պատմության ու մշակույթի մասին գիտելիքներ տարածելու նպատակով։ Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է՝ Թուրքիայում հայերի ցեղասպանության պատմության հարցերի հետազոտությունը, այդ խնդրի վերաբերյալ փաստաթղթերի հավաքումն ու հրատարակումը։ Կենտրոնն ունի իր արխիվը, որտեղ պահվում են փաստագրական նյութեր Օսմանյան կայսրությունում և ժամանակակից Թուրքիայում հայերի սոցիալական, տնտեսական և քաղաքական դրության վերաբերյալ, ինչպես նաև 1915-16 թվականների ողբերգական դեպքերն արտացոլող լուսանկարների հարուստ հավաքածու։ Կենտրոնի գրադարանն ունի Հայաստանի մասին Գերմանիայում հրատարակված արժեքավոր գրքեր, ինչպես նաև Հայաստանի և հայերի մասին գերմանալեզու մամուլի նյութերի հավաքածու։ Կենտրոնը համագործակցում և օժանդակում է այն հետազոտողներին ու լրագրողներին, ովքեր ձգտում են վերականգնել պատմական ճշմարտությունը հայերի ցեղասպանության մասին և հերքել հայկական հարցի վերաբերյալ թուրքական քարոզչության կեղծարարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։