«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակշքանշանի աստիճան
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1993
Հերթականություն
Ավագ պարգև«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
Կրտսեր պարգևՍուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան
ՀՀ II աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի վկայական

Շքանշանով պարգևատրվողները

խմբագրել

1993 թ. ընդունված մայր օրենքով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները՝ մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, ինչպես նաև այլ անձինք՝ դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար.

բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների աշխատակիցները, այլ անձինք՝ մարտական առաջադրանքների հմուտ կատարման, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար։

2006 թ. օրենքում կատարվեց լրացում, ըստ որի շքանշանով կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը՝ պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար։

2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, շքանշանով պարգևատրվում են.

  1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը՝ մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.
  2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը՝ ցուցաբերած արիության համար[1]։

Պարգևատրման միջնորդությունը

խմբագրել

1993-2014 թթ.

խմբագրել

1993-2014 թթ. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության և տարածքային կառավարման, ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների կողմից։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու միջնորդության ներկայացման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին[2]։

Շքանշանի նկարագրությունը

խմբագրել

1993-2014 թթ.

խմբագրել

1993-2014 թթ. հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995 թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ, ըստ որի շքանշանն ունի քառաթև խաչի տեսք։ Խաչը պատրաստվում է ոսկեզօծված արծաթից։ Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստվում են արծաթից։ Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է։ Խաչն ամրացվում է շքանշանի ժապավենի ներքևի մասում։ Ժապավենը (երկարությունը՝ 70 մմ, բարձրությունը՝ 19 մմ) սպիտակ է՝ երիզված 2 կարմիր զոլերով (զոլերի երկարությունը՝ 70 մմ, լայնությունը՝ 4 մմ)։ Ժապավենի կարմիր գոտու վրա խաչից վեր 3 մմ բարձրությամբ ամրացվում է արծաթից պատրաստված Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Ժապավենը ձգվում է մետաղյա թերթիկի վրա, որի հակառակ երեսն ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։ Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Յուրաքանչյուր շքանշանի համապատասխան աստիճանի շերտաձողիկի ժապավենը կրկնում է շքանշանի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։ Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից հետո շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանվել է, որ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը ունի քառաթև խաչի տեսք։ Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից։ Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստված են արծաթից։ Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է։ Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում։ Ժապավենի երկարությունը՝ 70 մմ է, լայնությունը՝ 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից՝ երիզված 2 կարմիր զոլերով։ Ժապավենի սպիտակ գոտու վրա՝ խաչից վերև,3 մմ բարձրությամբ ամրացված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը։ Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա։

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենի գունային նկարագիրը[3]։

Ամենամսյա պարգևավճարը

խմբագրել

ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին տրվում է պարգևավճար՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

Պարգևատրման վիճակագրությունը

խմբագրել

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թվականի ապրիլի 9-ից առ 2015 թ. հունվարի 29-ը ներառյալ) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 13 անձ, որոնցից 2-ը՝ հետմահու։

13 պարգևատրվածներից 11-ը պարգևատրման օրվա դրությամբ հանդիսացել են զինծառայողներ։ Նրանցից 1-ը ունեցել է գեներալ-գնդապետի, 1-ը՝ գեներալ-լեյտենանտի, 2-ը՝ գնդապետի, 1-ը՝ կապիտանի, 3-ը՝ ավագ լեյտենանտի, , 3-ը՝ շարքայինի զինվորական կոչումներ։ Պարգևատրվել են նաև 1 ազատամարտիկ և ԵԿՄ 1 անդամ։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008, 2009 և 2010 թվականներին ոչ ոք չի պարգևատրվել։
  • 2011 թվականին ― 2,
  • 2012 թվականին ― 3,
  • 2013 թվականին ― 2,
  • 2014 թվականին ― 1,
  • 2015 թվականին ― 5 անձ։

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ

խմբագրել

Հիմնական հոդված՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետների ցանկ

Ծանոթագրություններ

խմբագրել