Համայնքային սոցիալական աշխատանք

Համայնքային սոցիալական աշխատանք, սոցիալական աշխատանքի մեթոդ և ուղղություն։ Յուրաքանչյուր պրակտիկ սոցիալական աշխատող նաև համայնքային աշխատող է, քանի որ այցելուի հիմնախնդիրները լուծելիս ստիպված է լինում աշխատել նաև համայնքի հետ։ Համայնքն այն միջավայրն է, որտեղ ապրում է այցելուն և որտեղ ծագել է նրա հիմնախնդիրը։ Հնարավոր է, որ հիմնախնդրի պատճառները գտնվեն համայնքային կառուցվածքներում ու հարաբերություններում, իսկ առանց պատճառները վերացնելու հնարավոր չէ նման դեպքերում օգնել այցելուին։ Բացի այդ, համայնքն ունի հսկայական ներուժ, որը սոցիալական աշխատողը կարող է ներգրավել այցելուի կարիքների բավարարման գործում։ Սոցիալական աշխատանքի այնպիսի մոդելի կիրառումը, ինչպես, օրինակ, էկոլոգիական մոտեցումը, պարտադիր պահանջում է հաշվառել շրջակա միջավայրի հնարավորությունները և օգտագործել դրանք այցելուի խնդիրների լուծման ժամանակ։ Բացի վերոհիշյալից, սոցիալական աշխատողը համայնքի հետ սկսում է աշխատել նաև այն դեպքում, երբ համայնքը հանդես է գալիս որպես այցելու և ունենում է իր հիմնախնդիրը։ Այս դեպքում սոցիալական աշխատողը համայնքի բնակիչներին ընկալում է որպես հավաքական ամբողջություն և սկսում իրականացնել համայնքային զարգացում և կազմակերպում։ Սա մի գործընթաց է, երբ սոցիալական աշխատողն աջակցում է համայնքին գնահատելու, ծրագրելու և համակարգելու սեփական ներուժը առողջապահական, բարեկեցության և վերարատադրության կարիքները հոգալու համար։ Համայնքային կազմակերպիչ սոցիալական աշխատողը խթանում է համայնքի գործողությունները։ Նա կազմակերպում է մարդկանց և նրանց համախմբում տարբեր նպատակների շուրջ՝ ճշգրտելով հիմնախնդիրը, համակարգելով տարբեր խմբերի ջանքերը, կրճատելով ներխմբային տարաձայնությունները, բարելավելով ներհամայնքային հարաբերությունները, կազմակերպելով հանրային կրթություն, բացահայտելով ու պլանավորելով ֆինանսական միջոցները, մարդկանց ուսուցանելով տարբեր հմտություններ ու բարձրացնելով նրանց տեղեկացվածության մակարդակը։ Համայնքային զարգացման գործառույթ իրականացնելիս սոցիալական աշխատողը նպաստում է համայնքի ակտիվացմանը, որ մարդիկ կարողանան լուծել իրենց խնդիրները։ Դա արվում է կամ մարդկանց մոբիլիզացնելով, որ ծառայություններն ավելի լավ օգտագործվեն, կամ այդ ծառայությունների վրա ճնշում գործադրելով, որ դրանք փոփոխվեն, կամ էլ ինքնօգնության համակարգ զարգացնելով, որը պետք է աջակցություն ստանա համայնքից դուրս գտնվող ծառայությունների կողմից։