Հաղորդակցության ճանապարհների պատկերում

Երկրի մակերևույթի վրա տեղափոխումներ կատարվում են տարբեր տիպի հաղորդակցության ճանապարհներով, կախված վայրի պայմաններից և հնարավորություններից, տվյալ երկրի արդյունաբերության զարգացման աստիճանից։

Գոյություն ունեցող հաղորդակցության ճանապարհները բաժանվում են երեք հիմնական խմբի՝

  1. ցամաքային
  2. ծովային
  3. օդային

Ընդհանուր աշխարհագրական փոքր մասշտաբի քարտեզներում պատկերում են ցամաքային և ջրային ճանապարհները, իսկ օդայինը չի պատկերվում։ Թե ցամաքային, թե ծովային ճանապարհներն իրենց հերթին ստորաբաժանվում են ըստ տեխնիկական կառուցվածքի, ըստ շարժման բնույթի, բեռների և ուղևորների տեղափոխման հնարավորությունների և ճանապարհի վիճակի։ Ցամաքային ճանապարհներն են՝ երկաթուղիները, ավտոճանապարհները և ընդհանրապես ցամաքի վրա եղած մյուս բոլոր տիպերի ճանապարհները։

Երկաթուղիներ խմբագրել

Երկաթուղիները միմյանցից տարբերվում և քարտեզների վրա պատկերվում են ըստ հետևյալ հատկանիշների՝

  • Ըստ գծերի քանակի՝ միագիծ, երկգիծ, բազմագիծ
  • Ըստ գծերի լայնության՝ նորմալ կամ լայնգիծ, նեղգիծ
  • Տստ շարժման միջոցների՝ շոգու և դիզելային շարժիչների, էլեկտրաֆիկացված
  • Ըստ գծերի վիճակի՝ գործող, նախագծվող և կառուցվող, քանդած /հավաքած/:

Ընդհանուր աշխարհագրական քարտեզներում կարևոր նշանակություն ունի երկաթուղային ցանցի խտության ճիշտ պատկերումը։ Երկաթգծերի խտություն ասելով հասկացվում է տերիտորիայի միավոր մակերեսին ընկնող երկաթգծի երկարությունը, որպես միավոր մակերես ընդունելով 100 կմ 2:Տարբերում են երկաթգծերի խտության հետևյալ խմբերը՝ 100 կմ2 վրա 4 կմ-ից պակաս, 100 կմ2 վրա 4-8 կմ և 100 կմ2 վրա 8-12 կմ։ Տոպոգրաֆիական քարտեզների վրա երկաթգծերի պատկերումը ցույց է տրվում ըստ քանակական, լայնության, շարժման միջոցների և վիճակի հատկանիշների ստորաբաժանումների։ 1:200000 մասշտաբից փոքր մասշտաբի քարտեզների վրա երկաթգծերը ցույց են տրվում օժանդակ կառուցումների հետ մեկտեղ՝ դեպոներ, մարդատար և ապրանքատար կայարաններ, ջրի աշտարակներ, կառամատույցներ։ Մասշտաբի փոքրացման հետ միաժամանակ երկաթուղիները ենթարկվում են գեներալիզացիայի, նախ ընդհանրացվում են քանակական, ապա որակական հատկանիշները։ Երկաթգծերի ընտրությունը և պատկերումը մեծ չափով կախված է տվյալ տերիտորիայի արդյունաբերության զարգացման աստիճանից և քարտեզի մասշտաբից։ Զարգացած արդյունաբերական շրջաններում երկաթգծերը երբեմն այնպիսի խիտ ցանց են ունենում, որ հնարավոր չի լինում նրանցից նույնիսկ ամենակարևորների պատկերումը, օրինակ՝ Անգլիայի Լիվերպուլ և Մանչեստր քաղաքների միջև կամ Գերմանիայի Ռուրի ավազանում։ Երկաթգծերի մեծ խտության դեպքում ճիշտ գեներալիզացիան ավելի մեծ նշանակություն է ստանում, որի ընթացքում առաջնությունը տրվում է երկաթգծի կարևորագույն տնտեսական դերին։ Մասշտաբի խիստ փոքրացման դեպքում երկաթգծերից պատկերում են միայն մայրուղիները։ Երկաթուղային մայրուղիներ են այն երկաթուղիները, որոնք միացնում են առանձին երկրներ, մարզեր և կարևորագույն տնտեսական շրջաններ։ Երկաթուղին քարտեզի վրա պատկերելիս անպայման վերջնակետում պետք է ունենա որևէ բնակավայր, թեկուզ այդ բնակավայրը քարտեզի համար նշանակություն չունենա։ Բնության մեջ տարբեր վայրերում գոյություն ունեցող բոլոր ցամաքային ճանապարհները, որոնք մեծ մասամբ արդյունք են տնտեսական զարգացման աստիճանի, ռելիեֆի և բնական պայմանների, շատ բազմազան են,

  • ավտոստրադաներ և ավտոմոբիլային մայրուղիներ
  • կատարելագործված խճուղիներ
  • սովորական խճուղիներ /գետնային/
  • բարելավված հողային ճանապարհներ
  • սովորական միջգյուղային ճանապարհներ
  • քարավանային ճանապարհներ
  • բեռնակրային և հետիոտնի ճանապարհներ
  • ձմեռային ճանապարհներ

Ավտոստրադաները սովորաբար ունենում են բետոնե կամ ցեմենտ-բետոնե ամուր հիմքով կապիտալ ծածկոց, որոնք անցման մասում նվազագույն դեպքում ունենում են 14 մետր լայնություն և միակողմանի երթևեկություն, մյուս ճանապարհների հետ հատվում են տարբեր բարձրությունների վրա / հատող ճանապարհը անցնում է ավտոստրադայի տակով կամ վերևով/: Ավտոմոբիլային մայրուղիները ավտոստրադաներից ավելի նեղ են, մյուս ճանապարհները հատում են միևնույն բարձրության վրա և մեծ մասամբ ունենում են երկկողմանի երթևեկություն։

Բարելավված խճուղիներն ունենում են ամուր հատակ, ծածկված են լինում ասֆալտով, բետոնով կամ այլ տիպի ամուր շինանյութով։

Խճուղիները մեծ մասամբ կառուցվում են քարից, ավազից կամ ամուր գրունտից

Բարելավված հողային ճանապարհները /պրոֆիլացված/ ունենում են ոչ ամուր հիմք, ծածկվում են խճով և ավազով։

Հողային ճանապարհները /միջգյուղային/ իրենցից ներկայացնում են մերկացված հողի շերտ, որոնք անիվային տրանսպորտի օգտագործման համար պիտանի են տարվա որոշ սեզոնում, նրանց որակը մեծ մասամբ կախված է լինում հողի /գրունտի/ տեսակից և կլիմայական պայմաններից։

Քարավանային ճանապարհները հիմնական ուղիներ են հանդիսանում անապատային և կիսաանապատային տերիտորիաների բեռնակրային տրանսպորտի համար։

Բեռնակրային արահետները լեռներում տարածված պարզագույն ուղիներ են, որոնցով կարող են անցնել միայն բեռնակիր անասուններ. դրանք անանցանելի են անիվային տրանսպորտի համար։

հետիոտն ճանապարհներն անցնում են դժվարանցանելի վայրերով՝ լեռներով, անտառներով և ճահիճներով։

Ձմեռային ճանապարհները ժամանակավոր են. դրանք իրենց զգալի մասում օգտագործվում են միայն ձմռանը ճահիճների, լճերի և գետերի սառչելու ժամանակ։ Տոպոգրաֆիական քարտեզներում հաղորդակցության ցամաքային ճանապարհները պատկերվում են լրիվ ստորաբաժանումներով՝ մեծ մանրամասնությամբ, մասշտաբի փոքրացմանը զուգընթաց աստիճանաբար ենթարկվում են գեներալիզացիայի։ Փոքր մասշտաբի ընդհանուր աշխարհագրական քարտեզներում ճանապարհները պատկերելիս գեներալիզացիայի և ընտրության ժամանակ հաշվի են առնում հետևյալ կարևորագույն հատկանիշները՝

  • ճանապարհի կարևորության աստիճանը
  • ճանապարհային ցանցի խտությունը
  • բնակավայրերը միացնող ճանապարհների բնույթը
  • ճանապարհի առանձնահատկությունը՝ կախված տեղանքի բնական պայմաններից։

Ճանապարհների ընտրության դեպքում էական նշանակություն ունեն այն օբյեկտները, որոնց կապում է տվյալ ճանապարհը /բնակավայրեր, երկաթուղային կայարաններ, նավահանգիստներ և այլ օբյեկտներ/: Ավտոճանապարհների ընտրության ժամանակ առաջին հերթին պահպանում են այն ճանապարհները, որոնք կապում են հիմնակական բնակավայրերը, այսինքն՝ այն բնակավայրերը, որոնք անպայման պետք է պատկերվեն կազմվող քարտեզում. օրինակ՝ ընդհանուր աշխարհագրական 1:1000000; 1:1500000 և 1:2500000 մասշտաբների քարտեզների վրա պատկերում են բոլոր քաղաքները, քաղաքատեպ ավանները և շրջկենտրոնները։ Նշանակում է, տվյալ դեպքում նշված բնակավայրերը միացնող հիմնական ճանապարհները պետք է անպայման պատկերվեն։ Ընդունված է նույնիսկ խիստ փոքր մասշտաբի ընդհանուր աշխարհագրական և տեղեկատու քարտեզների վրա բնակավայրերն առանց ճանապարհի, մեկուսացված ձևով չպատկերել։ Ճանապարհները քարտեզի վրա պատկերելիս մեծ նշանակություն ունի նրանց ճիշտ տեղադրությունը . պետք է քարտեզի վրա պատկերված ճանապարհի առանցքն անպայման համընկնի իրական տեղադրության առանցքին։ Ճանապարհների ընդհանրացումը կախված է ոլորապտույտների ձևից և աստիճանից։ Ճանապարհի ամբողջ երկարության վրա մեծ ազդեցություն են գործում տերիտորիայի աշխարհագրական պայմանները, առանձնապես ռելիեֆը։ Բարդ ռելիեֆի դեպքում հանդես են գալիս ոլորապտույտներ։ Ոլորապտույտների ձևերը կախված ռելիեֆից, կարող են լինել տարբեր. լեռնային և միջին լեռնային շրջանններում երկաթգծերը և ճանապարհները անցկացվում են գերազանցապես գետահովիտների ոլորապտույտներին համապատասխանող լեռնալանջերով, այդ պատճառով էլ ոլորապտույտ մասերը ընդունում են պայտի, օղի ձև։ Ավտոճանապարհների և երկաթուղիների ոլորապտույտ մասերը միմյանցից մեծ մասամբ տարբերվում են միայն չափերով. երկաթգծերի ոլորապտույտ մասերը ստացվում են ավելի մեծ, քան ավտոճանապարհներինը։ Ճանապարհը քարտեզի վրա պատկերելիս ոլորապտույտ մասերը հնարավոր դեպքում պետք է ցույց տալ, իսկ շատ փոքր լինելիս նրանք բոլորովին անտեսվում են, սակայն մեծաքանակ ոլորապտույտների դեպքում նրանց մի մասը պետք է պատկերել նույնիսկ որոշ մեծացումով, իսկ մնացած մասերը անտեսել։ Երբ մի քանի ճանապարհներ անցնում են իրար մոտիկ ծովափի, լճերի կամ գետափի երկարությամբ և հնարավոր չէ տվյալ մասշտաբի քարտեզում բոլորը պատկերել ճիշտ տեղադրումով, այդ դեպքում նրանցից ամենակարևորները պատկերում են ճիշտ տեղադրումով, իսկ մնացածները անցկացնում են նրանց զուգահեռ դիրքով 0.2 մմ հեռավորությամբ։ Առանձնապես դժվար է ճանապարհները պատկերել ծովափին մոտիկ մեծ թեքություն ունեցող ռելիեֆի պայմաններում։ Տվյալ դեպքում պետք է ճանապարհը տեղափոխել թե ափագծի և թե հորիզոնականների նկատմամբ։ Քանի որ հնարավոր չի լինում ճանապարհը տեղադրել հորիզոնականների և ափագծի միջև, ապա նման դեպքում պետք է տեղաշարժել ափագիծը և նրա հաշվին անցկացնել ճանապարհը։ Ցամաքային հաղորդակցության ճանապարհները քարտեզի վրա պատկերելիս պետք է անպայման գծել բնակավայրերի պատկերումից հետո, եթե բնակավայրը պատկերվում է պլանավորումով, ճանապարհը պետք է ճիշտ կերպով միացնել համապատասխան փողոցին, իսկ պունսիոնի դեպքում ճանապարհը պետք է միացնել պունսիոնին այնպես, որ նրա առանցքն անցնի կենտրոնով։

Ջրային հաղորդակցության ճանապարհները խմբագրել

Ջրային հաղորդակցության ճանապարհները կապված են ջրային օբյեկտների հետ։ Խոշոր մասշտաբի քարտեզներում գերազանցապես ցույց են տրվում ջրային հաղորդակցության ճանապարհների օժանդակ կառույցները, իսկ նավագնացության երթուղիները ցույց են տրվում միայն միջին և փոքր մասշտաբի քարտեզներում։ Խոշոր մասշտաբի տոպոգրաֆիկական քարտեզներում ծովային, ինչպես և օդային երթուղիները չեն ցուցադրվում բնության մեջ անտեսանելի լինելու և ամրացված չլինելու պատճառով, իսկ փոքր մասշտաբի քարտեզներում դրանք ցույց են տրվում՝ պրակտիկայում օգտագործման համար նպատակահարմար լինելու պատճառով։ Քարտեզներում ջրային հաղորդակցության ճանապարհները պատկերելիս նշաններով ցույց են տրվում գետերի նավագնացության ու լաստարկման սկիզբը և վերջը, ծովային և լճային կանոնավոր երթուղիները, նավահանգիստները, նավամատույցները, փարոսները, շլյուզները, ծանծաղուտները, ջրաչափական կետերը, առանցքային նշանները, ստորջրյա քարերը, խորաչափերը և այլն։ Նավագնացության համար օգտագործվող քարտեզներում ծովերի և գետերի հատակի ռելիեֆը ցույց է տրվում խորության նիշերի միջոցով։ Օդային հաղորդակցության համար պատրաստվող քարտեզների բովանդակությունը կապված է օգտագործվող տեխնիկայից։ Մոտորային ավիացիայի համար օգտագործվում են մեծ մասամբ միջին մասշտաբի քարտեզներ, որոնց վրա լինում են կողմնորոշող նշաններ՝ գետեր, բնակավայրեր, բարձր աշտարակներ, ճանապարհներ և այլն։ Ռեակտիվ, տուրբոռեակտիվ ավիացիայի համար օգտագործվում են փոքր մասշտաբի քարտեզներ, որոնց վրա նույնպես արտահայտիչ կերպով ցույց են տրվում կողմնորոշող տարրեր։ Ավիացիայի համար օգտագործվող քարտեզներում պատկերվում են՝ օդանավակայանները և նստեցման հրապարակնեըը, ցերեկային և գիշերային թռիչքի կողմնորոշող նշանները։ Ընդհանուր աշխարհագրական քարտեզներում, կախված մասշտաբից, ցույց են տրվում նաև կապի միջոցները, ինչպիսիք են հեռախոսային կայանները և գծերը, ռադիոկայանները, հեռուստատեսային կայանները։ Կապի միջոցների մի մասը ցույց է տրվում նաև փոքր մասշտաբի քարտեզներում։ Այդ տեսակետից կարևոր նշանակություն ունեն անմարդաբնակ և խիստ թույլ բնակեցում ունեցող տերիտորիաների ռադիոկայանները, որոնք կապի ամենանպատակահարմար միջոցներն են։ Քարտեզագիտություն