Հայաստանի Հանրապետության դատական դպրոց, ՀՀ ԴԴ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից հիմնված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատավորների վերապատրաստման, ինչպես նաև ՀՀ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց պատրաստման դասընթացներ[1]։

Իրավական հիմունքներ խմբագրել

Դատական դպրոցի գործունեությունը կարգավորվում է ՀՀ դատական օրենսգրքով և Դատական դպրոցի կանոնադրությամբ, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով այնքանով, որքանով այն իր էությամբ կիրառելի է ՀՀ դատական դպրոցի նկատմամբ և չի հակասում ՀՀ դատական օրենսգրքին։ Հատկանշական է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջները ՀՀ դատական դպրոցի վրա չեն տարածվում[1]։

Պատմություն խմբագրել

Հայաստանի դատական դպրոցը հիմնադրվել է Հայաստանի կողմից՝ ի դեմս Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի։ 2007 թվականին տեղի ունեցավ դպրոցի առաջին ընդունելությունը, որի արդյունքում Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց դատավորների թեկնածուների ցուցակը։ Առաջին ունկնդիրները դպրոցն ավարտեցին 2008 թվականի օգոստոսին[1]։

Գործառույթներ խմբագրել

ՀՀ դատական դպրոցի գործառույթներն են[1]՝

  1. կազմակերպել դատավորների թեկնածությունների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգումը,
  2. կազմակերպել որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը,
  3. կազմակերպել և անցկացնել է ՀՀ դատական դպրոցն ավարտածների, պաշտոնեական պիտանիության և առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց[2] վերապատրաստումը,
  4. կազմակերպել և անցկացնել է դատական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը,
  5. կազմակերպել և անցկացնել է իրավական համակարգի, օրենսդրության և արդարադատության իրականացման կատարելագործմանն ուղղված սեմինարներ, գիտաժողովներ, հրատարակում է ուսումնական գրականություն և այլն,
  6. իրականացնել ՀՀ դատական դպրոցի ուսումնական ծրագրերի մշակումներ,
  7. իրականացնել կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն։

Դպրոցը տնօրենը նշանակվում է դպրոցի կառավարման խորհրդի կողմից՝ 5 տարի ժամկետով[1]։

Կառավարման մարմիններ խմբագրել

ՀՀ դատական դպրոցի կառավարումն իրականացնում են կառավարման խորհուրդը և տնօրենը։ Դատական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է Դատական դպրոցի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկողությունը[1]։

Դատական դպրոցի կառավարման խորհրդի անդամ են[1]`

  1. ՀՀ արդարադատության նախարարի կողմից նշանակվող մեկ անձ,
  2. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից նշանակվող մեկ անձ,
  3. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի բոլոր անդամները։

Ունկընդիրներ խմբագրել

Դատական դպրոցում ուսուցումը սկսվում է որակավորման ստուգման արդյունքների ամփոփումից հետո՝ հունվարին, և ավարտվում է նույն տարվա հուլիսի 31-ից ոչ ուշ։ Դատական դպրոցի ունկնդիր են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք (ՀՀ Դատական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներին համապատասխան)։ Դատական դպրոցում ուսման ավարտմանը հաջորդող ամսվա մեկից Դատական դպրոցն ավարտածները պարտադիր ներգրավվում են աշխատանքի ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում[1]։

Դպրոցը պարբերաբար նաև կազմակերպում և անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, որոնք պարտադիր են դատավորների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «ՀՀ դատական դպրոցի մասին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  2. Բացառությամբ ՀՀ դատական օրենսգրքի 139-րդ հոդվածում հիշատակված գիտնականների