Կտցար կաչաղակներ (լատին․՝ HaematO-podidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Տեսակների ընդհանուր թիվն անհայտ է։

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Ունեն կարճ (բզանման կամ բավականին հաստ) կամ երկար (ուղիղ կամ կեռված) կտուց։ Մարմնի երկարությունը 40-45 սմ է, թևերի բացվածքը՝ 86-88 սմ, կենդանի զանգվածը՝ 500 գ։ Կտուցը հաստ է ու երկար։ Թռչելիս աչքի է ընկնում սև ու սպիտակ նախշը։ Հասունի կտուցը կարմրանարնջագույն է, աչքերը՝ կարմրավուն, ոտքերը՝ վարդագույն։ Բնադրման շրջանում սև հատվածները փայլուն են։ Հետբնադրման շրջանում փետրածածկի սևն ավելի խամրած է, կիսաօձիքը՝ սպիտակ։ Երիտասարդները հասուններից ավելի դարչնագույն են, ոտքերն ու կտուցը՝ մոխրավուն։

Կենսակերպ

խմբագրել

Առափնյա թռչուններ են։ Հանդիպում են հիմնականում առանձին անհատներով։ Խուսափում են միանալ այլ թռչունների երամներին։ ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ կտցար կաչաղակը (լատին․՝ Haematopus ostralegus)։ ՀՀ-ում գրանցվել է միայն գարնանային չուի (մարտի 2-րդ տասնօրյակից մայիսի 1-ին կեսը) ընթացքում։ Բնակվում է ձկնաբուծական լճակների, գետերի ափերին։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է փափկամարմիններով, որոնց որսում է՝ տիղմը քրքրելով։ Թռիչքն ուղղաձիգ է, հավասարաչափ։ Զգույշ է, սակայն կերով տարված ժամանակ հաճախ անտեսում է վտանգը։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտցար կաչաղակներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտցար կաչաղակներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։