Կովկասյան միութենական կոմիտե

ՌՍԴԲԿ Կովկասյան Միութենական կոմիտե, ՌՍԴԲԿ Կովկասյան միության ղեկավար մարմին։ Ստեղծվել է Կովկասի սոցիալ-դեմոկտրատական կազմակերպությունների 1-ին համագումարում (1903 թվականի մարտ, Թիֆլիս)։ Կովկասյան Միութենական կոմիտեի առաջին կազմում ընտրվել են Մ. Զ. Բոչորիձեն, Բ. Մ. Կնունյանցը, Ա. Դ. Ծուլուկիձեն, Ֆ. Ի. Մախարաձեն, Մ. Դ. Ցխակայան, Ա. Դ. Զուրաբյանը և ուրիշներ։ Ավելի ուշ տարբեր ժամանակներում Կովկասյան անդամներ են եղել Ն. Ն. Ալաջալովան (Աղաջանյան), Վ. Ս. Բորովսկին, Պ. Ա. Ջափարիձեն, Ս. Դ. Շահումյանը, Ս. Սպանդարյանը, Ի. Վ. Ստալինը և ուրիշներ։

Համարվել է ՌՍԴԲԿ-ի անբաժանելի մասը։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարին Կովկասից մասնակցող պատգամավորները ընտրվել էին Կովկասյան Միութենական կոմիտեի երաշխավորությամբ։ 1903 թվականի սեպտեմբերին ՌՍԴԲԿ Կովկասյան Միութենական կոմիտեի Կենտրոնական կոմիտեն ճանաչվել է որպես կուսակցության շրջանային կազմակերպություն։ Կոմիտեն հրավիրում էր համագումարներ և կոնֆերանսներ, որտեղ քննարկվում էին ՌՍԴԲԿ ԿԿ-ի զեկուցումները։ Կովկասյան Միութենական կոմիտեի, տեղական կուսակցական կոմիտեների հաշվետվությունները, զենք ձեռք բերելու և զինված ապստամբության նախապատրաստման և այլ հարցեր։ Ունեցել է գաղտնի տպարան, հայերեն, ռուսերեն և վրացերեն հրատարակում էր «Պրոլետարիատ» և «Բրձոլա» («Կռիվ») թերթերի միացումից ստեղծված, «Պրոլետարիատի կռիվ» («Պրոլետարիս բրձոլա», «Բորբա պրոլետարիատա») քարոզչական թերթը, «Պրոլետարիատի կռվի թերթիկ»-ը, ինչպես նաև մարքսիստական գրականություն, ագիտացիոն կոչեր ու թռուցիկներ, որոնք տարածվում էին քաղաքներում և զորամասերում։

Լենինը մշտական աջակցություն է ցույց տվել Կովկասյան Միութենական կոմիտեին։ ՌՍԴԲԿ 4-րդ համագումարի նախօրյակին, բոլշևիկյան և մենշևիկյան կոմիտեների միավորման կապակցությամբ, Կովկասյան Միութենական կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 635