Կոմպլեքսային կլիմայագիտություն

Կոմպլեքսային կլիմայագիտություն, կլիմայագիտության ժամանակակից ուղղություն, որը կլիման ուսումնասիրում է եղանակների միջոցով (կլիման եղանակներով)։ Կոմպլեքսային կլիմայագիտություն ուսումնասիրում է եղանակի ազդեցությունը բուսական և կենդանական աշխարհի, մարդու ու նրա գործունեության տարբեր օբյեկտների վրա։ Կոմպլեքսային կլիմայագիտությունում վերլուծությունը կատարվում է եղանակների կատալոգի կամ պերֆոքարտերի միջոցով։ Որպես հաշվման միավոր օգտագործվում են «օրվա եղանակ» կամ «մոմենտի եղանակ» հասկացությունները։ Կլիմայի համեմատական ուսումնասիրություններում օրվա եղանակի բազմազանությունն ամփոփվում է ձևաբանական հիմունքներով կառուցված եղանակի 16 դասերով, որից 8-ը՝ անսառնամանիքային, 2-ը՝ տաքացումային (երբ ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 0 °C-ի շուրջը), 6-ը՝ սառնամանիքային։ Դասերը սահմանազատվում են ջերմաստիճանի և խոնավության որոշակի ցուցանիշներով։ Վայրի կլիման բնորոշվում է տարվա ամիսների եղանակի դասերի կրկնման հաճախականությամբ կազմված կլիմայի ստրուկտուրայի գրաֆիկներով։ Կոմպլեքսային կլիմայագիտություն օգտագործում է նաև օդերևութաբանական տարրերի տվյալները, կազմում եղանակի առանձին դասերի (չոր խորշակային, չափավոր չոր, տաք, քիչ ամպամած, անձրեվային, թույլ սառնամանիքային) հաճախականության քարտեզներ, իսկ լեռնային շրջանների համար՝ նաև գրաֆիկներ ու կտրվածքներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 546