Կոբոլ [COBOL, < անգլերեն՝ CO (mmon) B (usiness) O (riented) L (anguage)], ծրագրավորման լեզու՝ տնտեսական, հաշվառման և հատկապես առևտրական խնդիրների լուծման ալգորիթմները նկարագրելու համար։ Ստեղծվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ (1958—1961)։ Նշված տիպի խնդիրների լուծմանն առանձնահատուկ է հաշվարկների փոքր քանակությունը և ներածման ու արտածման ենթակա տվյալների մեծ ծավալը։ Կոբոլում փոխանակման և վերամշակման հիմնական միավորն է տվյալների միանման կառուցվածք ունեցող խմբերի հաջորդականությունը, որը կոչվում է ֆայլ։ Կոբոլը հարմարեցված է ֆայլի խմբերը նույն ալգորիթմով վերամշակելուն։ Կոբոլ լեզվով նկարագրված խնդիրները ծրագրավորող ծրագրերի օգնությամբ թարգմանվում են մեքենայական լեզվով գրված համարժեք ծրագրերի, որոնք իրականացնում են խնդրի լուծումը էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օգնությամբ։