Կյուլանձոր, նշանավոր կիրճ Մեծ Հայքի Տայք նահանգում, Պարխար լեռան հյուսիսարևմտյան կողմում։ Հնում այս կիրճով է անցել Հայաստանից Սև ծով տանող առևտրական բանուկ ուղիներից մեկը։ Կյուլանձորը եղել է Մեծ Հայքի ծայրագույն կետը հյուսիսային կողմում։ Ավանդությունն ասում է, որ հեռավոր անցյալում այս ձորի տեղը եղել է ժայռակուտակ մի վիթխարի լեռ։ Մարդիկ համոզված էին, որ եթե այդ լեռը չխանգարեր, իրենք Հայաստանից կտեսնեին Սև ծովի կապուտակ ջրերը։ Իմանալով այդ մասին՝ Տորք Անգեղ հայ դյուցազնը իր եղունգներով կտրտեց ժայռերը և բացեց Կյուլանձորի կիրճը։ Սակայն, դեռ գործը չվերջացրած, Տորք Անգեղը ստիպված էր շտապել հարավ՝ ավազուտների կողմից հայտնված թշնամու դեմ կռվելու համար։ «Եթե մի պտղունց էլ փորեր՝ ծովը կերևար», —ասացին մարդիկ հետագայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490