Կծոխուր սովորական
Կծոխուր սովորական[1]
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Կծոխուրազգիներ
Ցեղ Ծորենի
Տեսակ B. vulgaris
Լատիներեն անվանում
Berberis vulgaris

Կծոխուր սովորական (լատին․՝ B. vulgaris L.), կծոխուրազգիների ընտանիք, ծորենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Կծոխուր սովորականը տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ, անկյունավոր, ուղղաձիգ, դեղնավուն կամ դեղնածիրանագույն, ավելի ուշ՝ գորշամոխրավուն ճյուղերով։ 1—2 սմ երկարություն ունեցող փշերը 3 կամ 5 ճյուղանի են։ Ծաղկաբույլը հուրան է, կազմված 8—25 դեղին ծաղիկներից, որոնք խիստ տհաճ հոտ են արձակում։ Հատապտուղը ալ-կարմիր է, երկարավուն-էլիպսաձև։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Եվրոպայում, Բալկաններում, Փոքր Ասիայում։ Հայկական պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Լոռիում, Սևանի ավազանում և Վայքում, աճում է անտառների եզրերին, թփուտների մեջ, ծովի մակերևույթից մինչև 2200—2500 մ բարձրության վրա։ Սովորական կծոխուրը չի կարելի տնկել հացահատիկային կուլտուրաների դաշտերի եզրերին, քանի որ միջանկյալ տեր է հանդիսանում ժանգասնկի համար։ Վերջինս այստեղ է անցկացնում իր կյանքի սկզբնական փուլը և հետո վարակում է ցորենին։ Սովորական կծոխուրը աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն և ստվերադիմացկուն է։ Պարունակում է զգալի քանակությամբ վիտամին և խնձորաթթու։

Կիրառություն խմբագրել

Օգտագործվում են երիտասարդ տերևները և հասուն պտուղները ինչպես թարմ, այնպես էլ որպես համեմունք՝ չորացրած վիճակում։ Լայնորեն է օգտագործվում ինչպես կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում։ Աչքի է ընկնում դեկորատիվության հրաշալի դինամիկայով։ Վաղ գարնանը, տնկարկների դեռևս ձմեռային, գորշ մոխրավուն երանգի վրա գունային գեղեցիկ ու հաճելի հակադրություն են կազմում կծոխուրի վառ դեղնականաչ տերևները։ Բույսը առանձնապես գեղեցիկ տեսք է ստանում ծաղկման շրջանում և երբ հասունանում են ալ-կարմիր պտուղները։ Աշնանը բույսի սաղարթը ստանում է նարնջակարմիր, գեղեցիկ գունավորում։ Կծոխուրը գեղեցիկ է նույնիսկ ձմռանը, թփի վրա պահպանվող պտուղների շնորհիվ։ Էկոլոգիական խումբը Xll-ն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1885 illustration from Prof. Dr. Otto Wilhelm Thomé Flora von Deutschland, Österreich und der Schweiz 1885, Gera, Germany
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 127։