Կիպի սարք, նախատեսված է գազեր ստանալու համար, որն իրականացվում է սենյակային ջերմաստիճանում պինդ նյութերի վրա հեղուկներ լցնելով։ Սարքն սկսել է արտադրել Պ. Կիպի (այստեղից էլ՝ անվանումը) հիմնադրած գիտական սարքերի հոլանդական ֆիրման, XIX դ. կեսերին։ Կիպի սարքը կազմված է ապակյա երեք անոթից։ Մեջտեղի և ներքևի անոթները միացած են իրար նեղ անցքով, որի միջով անցնող երկար խողովակը վերևի անոթը կապում է ներքևինի հետ։ Պինդ նյութը (օրինակ, ջրածին ստանալու դեպքում՝ ցինկը) տեղավորում են մեջտեղի անոթում, որին հարմարեցված է ծորակով գազատար խողովակ։ Վերևի անոթում լցնում են հեղուկ (օրինակ, նոսր աղաթթու), որը, լցվելով ներքևի անոթը, մտնում է մեջտեղինի մեջ և փոխազդում պինդ նյութի հետ։ Անջատված գազը դուրս է գալիս գազատար խողովակով։ Երբ ծորակը փակ է, գազը դուրս է մղում հեղուկը մեջտեղի անոթից, և փոխազդեցությունը դադարում է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 439