Դեղնախտ կենդանիների, ախտաբան վիճակ, որը բնորոշվում է մաշկի, լորձաթաղանթների, ենթամաշկի բջջանքի և այլ հյուսվածքների դեղին գունավորմամբ՝ կապված արյան մեջ բիլիռուբին լեղագունակի ավելցուկային կուտակմամբ և հյուսվածքներում նրա նստվածքով։ Նկատվում է հեմոգլոբինի քայքայման բարձրացման և այլ հիվանդությունների դեպքերում։

Տեսակներ

խմբագրել

Ըստ առաջացման մեխանիզմի՝ կենդանիների դեղնախտը լինում է մի քանի տեսակ. մեխանիկական դեղնախտ՝ բնորոշվում է լեղուղիների անցանելիության խանգարմամբ, որն առաջանում է տարբեր խոչընդոտներով (հելմինթներ, օտրմարմիններ, ուռուցքներ և այլն), նրանց սեղմման, փակման կամ ճնշման հետևանքով։ Ուղեկցվում է մարսողության և լյարդի ֆունկցիայի խանգարումներով։ Պարենքիմատոզ դեղնախտը զարգանում է լյարդաբորբերի, թունավորումների, որոշ վարակիչ հիվանդություների (լեպտոսպիրոզ, ձիերի վարակիչ էնցեֆալոմիելիտ և այլն) դեպքերում։ Արյունատարրալուծական (հեմոլիտիկ) դեղնախտն առաջանում է ավելցուկային բիլիռուբինի արտալյարդային արտադրության հետևանքով՝ էրիթրոցիտների արագ քայքայման ժամանակ (վարակիչ սակավարյունություն, հեմոսպորիդիոզներ, պիրոպլազմոզ, նորածինների դեղնախտ և այլն)։ Տարբերակիչ ախտորոշումը հիմնվում է պատճառագիտական, կլինիկաախտաբանանատոմ. տվյալների վրա։ Բուժումը. հիմն. հիվանդությունն առաջացնող պատճառների վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։