Կենդանազարդ, կենդանակերպ զարդապատկեր։ Կենդանական աշխարհը իր ձևերի անսպառ հարստությամբ ծառայում է զարդապատկերային հորինվածքի աշխուժացմանն ու բազմազանությանը։ Որպես կենդանազարդ կարող են լինել կաթնասունները, թռչունները, ձկները, զեռունները, միջատները, կակղամորթները և նույնիսկ մարդկային կերպարանքներ։ Նրանց նատուրալիստական վերարտադրումը ընդունելի է, երբ վերջինս չի խախտում ողջ հորինվածքի բաղադրիչ մասերը։ Իսկ մեծ մասամբ կենդանիների կերպարանքը պարզեցվում է, տրվում հիմնական գծերով և առավել կամ պակաս ֆանտաստիկ։ Թռչնապատկերով կենդանազարդեր կան Սևանի Առաքելոց եկեղեցու գավթի խոյակին և այլուր։

Այսպես տարբեր դարաշրջանների և մշակույթների զարդարվեստում տեղ են գտել վիշապներ, թևավոր ոգիներ, հուշկապարիկներ, գրիֆոններ, տրիտոններ և այլ երևակայական արարածներ։ Հայ մշակույթի արշալույսից կենդանազարը հիմնական զարդամոտիվներից է, երբեմն ունեցել է այլաբանական իմաստ։ Կենդանազարերը կիրառվել են ճարտարապետական հարդարանքներում, կոթողների, խաչքարերի վրա, մանրանկարչության մեջ ևն։ Ժամանակակից արվեստում շարունակվում են ավանդույթները՝ հիմնականում կենդանազարին տեղ տալով կիրառական արվեստում, պրոֆեսիոնալ գրքազարդման և ժողովրդական արհեստագործության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 363