Կապված շղթաներ տատանողական, միմյանց հետ փոխազդող պարզ տատանողական համակարգերի միակցություն, որի հաճախային վարքը (ռեզոնանսային երևույթները) կարող է զգալիորեն տարբերվել բաղկացուցիչ համակարգերի վարքից։ Կապված շղթաների օրինակ են կապված ճոճանակները, կամերտոնները, Էլեկտրական տատանողական կոնտուրները, պինդ մարմնի կապված մոլեկուլները և այլն։ Կապված շղթաների բաղկացուցիչ որևէ համակարգի տատանումները նույնպիսի տատանումներ են առաջացնում նաև մյուս համակարգերում, ու եթե դրանցից յուրաքանչյուրն ունի ազատության մեկ աստիճան (միառեզոնանս է), ապա կապված շղթան արդեն ազատության բազմաթիվ աստիճաններ ունեցող (բազմառեզոնանս) համակարգ է։ Բաղկացուցիչ համակարգերի միջև կապը կարող է թույլ կամ ուժեղ լինել։ Թույլ կապի դեպքում բաղկացուցիչ համակարգերի փոխազդեցությունը էական փոփոխություն չի մտցնում կապված շղթաների արդյունարար հաճախային բնութագրի մեջ. վերջինս կարելի է վերլուծել՝ օգտվելով գրգռման տեսության մասնավոր դեպքից։ Ուժեղ կապի դեպքում արդյունարար հաճախային բնութագրի վարքը էապես փոխվում է, և ճշգրիտ հաշվարկը բարդանում է։ Ռադիոտեխնիկայում առավել տարածված է միմյանց հետ կապված երկու տատանողական կոնտուրների համակարգը։ Կախված կապն իրականացնող պարամետրից տարբերում են՝

  • տրանսֆորմատորային (փոխինդուկտիվ)
  • ավտոտրանսֆորմատորային կամ ինդուկտիվ
  • ունակային
  • գալվանական
  • խառը

կապեր։ Մի կոնտուրում հոսանքը փոփոխվելիս, փոխվում է նաև երկրորդ կոնտուրի հոսանքը։ Փոխադարձ կապի ազդեցությունը համարժեք է մի կոնտուրից մյուսը ակտիվ և ռեակտիվ լրացուցիչ դիմադրությունների ներմուծմանը։ Թույլ և ուժեղ կապերի միջև սահմանայինը, այսպես կոչված, կրիտիկական կապն է, որի դեպքում ներմուծվում է կոնտուրի սեփական դիմադրությանը հավասար ակտիվ դիմադրություն։ Լարումների փոխանցման նույն k գործակցի դեպքում կոնտուրի համարժեք բարորակությունը կրկնակի ընկնում է, իսկ հաճախականությունների թողարկման շերտը՝ կրկնակի լայնանում։ Թույլ կապի դեպքում կապված տատանողական շղթաների ռեզոնանսային կորը մնում է միասապատ (ընդ որում, եթե բաղկացուցիչ կոնտուրները միատեսակ են, ապա արդյունարար ռեզոնանսային f0 հաճախականությունը համընկնում է նրանց ռեզոնանսային հաճախականություններին), մինչդեռ ուժեղ կապին բնորոշ է երկսապատ կորը։ Երկու նոր ռեզոնանսներին համապատասխանող, այսպես կոչված, կապի հաճախականությունները (f1 և f2) այնքան ավելի են հեռանում միմյանցից, որքան ուժեղանում է կապը բաղկացուցիչ շղթաների միջև։ Եթե բաղկացուցիչ շղթաների ռեզոնանսային հաճախականությունները տարբեր են, կապված շղթաներում ծագում են բաբախումներ։ Երբ կապի պարամետրը ժամանակի ընթացքում փուիոխվում է, կապը կոչվում է պարամետրական։ Այն առաջ է բերում հաճախականությունների խառնում (նոր հաճախականությունների ծագում), ընդ որում հնարավոր է դառնում էներգիայի փոխակերպումը մի հաճախականությունից մյուսը։

Գրականություն

խմբագրել
  • Ղազարյան Ռ. Ա., Խալաթյան Ա. Գ., «Ձեռնարկ ռադիոսիրողների համար», Երևան, 1961։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 265