Կապերություն (հոլ.՝ kapen - զավթել), մասնավոր նավերի ռազմական գործողությունները բաց ծովում՝ պետության հատուկ լիազորությամբ (կապերային վկայականով)։ Հատկապես տարածվել է միջնադարում։ Կապերությունը համարվել է պատերազմ վարելու օրինական միջոց, սակայն աստիճանաբար վեր է ածվել «օրինականացված» ծովահենության և հաճախ ծառայել հակառակորդի առևտրական մրցակցությունը խափանելուն։ Կապերությունը հատկապես բացասական արտահայտություն է ստացել գաղութային պատերազմների շրջանում, դարձել գաղութային տերությունների հենակետը ծովում։ Հայերի առևտրական գործունեությունը, այդ թվում «մանիլայի հայկական առևտուրը» խոչընդոտելու համար Անգլիան, Հոլանդիան, Պորտուգալիան և գաղութային մյուս պետություններն ամենուր խրախուսել են կապերությունը հայ առևտրական նավերի նկատմամբ, հաճախ կապերային վկայականներով օրինականացրել ծովահենային կողոպուտը։ Ծովահեններ ասպետ դը Գարդանը, Մոլեն, Անդրի դ’Անգլյուր դը Բուրլեմոնը, նավապետ Ջոն Պետրեն, ծովակալ Գրիֆֆին և ուրիշներ, որոնք համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում կողոպտում էին հայկական առևտրական նավերը, ունեին կապերային վկայականներ։ Ջոն Ռիչարդի և Սամուել Ուայտի ծովահենային կազմակերպության նավապետ Կոուտսը հայկական «Նոր Երուսաղեմ» նավի զավթումը արդարացնում էր Սիամի թագավորից ստացած լիազորությամբ։ Պայքարի այլ միջոցների թվում հայերը մեծ նշանակություն են տվել իրավական միջոցներին, պայքարել կապերության դեմ միջազգային իրավական ընդհանուր միջոցառում մշակելու օգտին։ 18-րդ դարի վերջից սկսվեց կապերությունը ամբողջությամբ արգելելու պայքարը։ Առաջին օրենսդրական ակտն ընդունվել է 1792 թվականին (Ֆրանսիա1856 թվականին Փարիզում ընդունվել է կապերությունն արգելելու միջազգային դեկլարացիա։ Ժամանակակից իրավունքի նորմերով ոչ ռազմական նավերի ամեն մի գործողություն, որն ուղղված է հակառակորդի ռազմական կամ առևտրական նավերի դեմ, համարվում է ծովահենություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 252