Կաթնային հասունություն, հացահատիկային բույսերի սերմերի (էնդոսպերմ) հասունացման սկզբնական փուլը։ Սկսվում է ծաղկումից 12-16 օր անց, տևում է 7-15 օր (համընկնում է սաղմի օրգանների անատոմիական տարբերակման ավարտի հետ)։ Այդ ժամանակ սերմերը պարունակում են մինչև 50% ջուր, լուծված ածխաջրեր և ազոտային միացություններ։ Կաթնային հասունության փուլում հատիկը դառնում է աճունակ, քանի որ սաղմն արդեն լրիվ ձևավորված է, և էնդոսպերմում կան մեծ քանակությամբ սննդանյութեր։ Դրանով է բացատրվում երբեմն (հասունացման շրջանում առատ անձրևների ժամանակ) հատիկի զարգացումը հասկի մեջ։ Կաթնային հասունության ժամանակ սերմերը հասունների համեմատ ավելի կանաչավուն են՝ փոքր զանգվածով, սեղմելիս արտազատում են «կաթիկ»՝ թանձր կաթնասպիտակ հեղուկ (այստեղից՝ փուլի անվանումը)։ Այդ փուլում սերմերի ծլունակությունը ցածր է, իսկ այդ սերմերից ծլած բույսերը ոչ լիարժեք են ու անկենսունակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։