Ծրագրային բյուջետավորում

Ծրագրային բյուջետավորում, հավաքական եզրույթ, որը բնութագրում է բյուջետավորման եղանակ, որի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռված է բյուջետային հատկացումների արդյունքում ստեղծված արդյունքին։ Հենց այս տեսանկյունից էլ նշված մեթոդը տարբերվում է ավանդական կամ «մուտքային» բյուջետավորման մեթոդից։ Գոյություն ունեն մի շարք համանման եզրույթներ, ինչպիսիք են «արդյունքի հիման վրա բյուջետավորումը» և այլն, որոնց էությունը նույնն է, սակայն որոշ տարբերութուններ առկա են կիրառման տեխնոլոգիայում։

Ծրագրային բյուջետավորումը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումները պետական բյուջեի մակարդակում սկսվել են դեռ 2002 թ․ Մեծ Բրիտանիայի (DFID/UKAid) կառավարության[1] աջակցությամբ և Աթոս Քընսալթինգ[2] ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի իրականացմամբ[3][4], իսկ որոշ նախադրյալներ ներդրվել էին դեռ 90-անների վերջում։ Սակայն, մինչ այսօր այս մեթոդը ամբողջական կիրառումը չի ստացել հանրապետությունում, ինչի հիմնական պատճառ են հանդիսանում բազմաթիվ համակարգային խնդիրները։ 2012 թ․ վերջում ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ (ԲՀՄ օրենքում փոփոխությունները ընդունվեցին 2013 թ․ մայիսին), համաձայն որի ծրագրային բյուջետավարումը պետական բյուջեի մակարդակում կրում է պարտադիր բնույթ, սակայն այն դեռ չի նախատեսում ամբողջովին փոխարինել ռեսուրսային բոյւջետավորման ներկայիս մոդելը։ Պետական տարբեր գործիչներ հաճախակի սխալմամբ հայտարարում են, որ ծրագրային բյուջետավորումը արդեն իսկ կիրառվում է Հայաստանում, հաշվի չառնելով, որ ծրագրային մոտեցումը ավելի բազմաշերտ է և պահանջում է բյուջետային ցիկլի բոլոր մակարդակներում դրա իրական կիրառումը, այլ ոչ միայն կատարողական ցուցանիշների ներկայացումը օրենսդրին։

Համայնքային մակարդակով «ծրագրային» կամ «ըստ կատարողականի» բյուջետային բարեփոխումները որոշ հաջողությամբ իրականացվել են մի շարք համայնքներում։ ՀՀ Բյուջետային համակարագի մասին օրենքում համայնքային բյուջեների կազզման հարցում ծրագրային մոտեցումների կիրառման պահանջի բացակայության պայմաններում, նման բարեփոխումները համայնքներում առ այսօր կրում են հատվածային և փորձնական բնույթ։

2013թ. ԾԲ բարեփոխումների գծով աշխատանքները որոշակիորեն ակտիվացան ՀՀ խորհրդարանում գերմանական GIZ կազմակերպության աջակցությամբ, որի արդյունքում իրականացվեցին մի շարք կարողությունների զարգացման աշխատանքեր։ Խորհրդարանի և ավելի լայն իմաստով ոչ-գործադիր շահառուների (ԶԼՄ, ՀԿ, հետազոտական կենտրոններ, քաղաքացիներ, միջազգային կառույցներ) դերը խիստ կարևոր է բարեփոխումների ընթացքի և որակի նկատմամբ պատշաճ պահանջարկի ստեղծման համար։ 2014թ. մշակվեց և ԱԺ կողմից հրապարակվեց ԾԲ գործիքակազմի ձեռնարկ[5], որի հիմնական նպատակն էր ԱԺ հանձնաժողովների կողմից ԾԲ մեթոդաբանությամբ տարեկան բյուջեների նախագծի ուսումնասիրությունը և քննադատական վերլուծությունը։ Թեև աշխատանքների այս հատվածը ընթանում էր բարեհաջող, ընդհանուր առմամբ ԾԲ մշակույթը և գործելաոճը դեռ իր տեղը չեն գտնում հայաստանյան բյուջետավարման գործընթացներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «DFID REGIONAL PROGRAMME EVALUATION»։ Վերցված է 07/02/2017 
  2. «ICHD - International Center for Human Development»։ ichd.org։ Վերցված է 2017-02-06 
  3. «Rollout of Programme Budgeting in Armenia: Experience from the DFID-led project Mark Worledge and Suren Poghosyan February ppt download»։ slideplayer.com։ Վերցված է 2017-02-06 
  4. «ICHD - International Center for Human Development»։ ichd.org։ 2008։ Վերցված է 2017-02-06 
  5. «ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»։ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՀՀ Ազգային ժողով։ 2014։ Վերցված է Փետրվար 7, 2017