Ծնող-երեխա փոխհարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ծնող-երեխա փոխհարաբերությունները յուրահատուկ աղբյուր են հասարակության մեջ երեխայի վարքագծի հետագա մոդելի ստեղծման համար։ Շփման առաջին փորձը կարևոր դեր է խաղում երեխայի հետագա կյանքի զարգացման վրա[1]։ խմբագրել

Ծնող-երեխա փոխհարաբերությունների խնդիրն ուսումնասիրվում է վաղուց, և շատ հոգեբաններ իրենց աշխատանքները նվիրել են այս հարցին։ Ծնողների վերաբերմունքը երեխաների նկատմամբ ժամանակի ընթացքում բազմիցս փոխվել է տարբեր գործոնների ազդեցությամբ՝ քաղաքական, սոցիալական և տնտեսական[1]։

Ներկայումս հատկապես կարևոր է ուսումնասիրել այս երևույթը, քանի որ հասարակությունը պետք է բարենպաստ հոգեբանական միջավայր ստեղծի երեխաների զարգացման համար։ Այս պայմանների ստեղծման գործում կարևոր դեր է խաղում երեխայի ընտանիքը։

Ծնող-երեխա փոխհարաբերությունների կառուցվածք խմբագրել

Ծնող-երեխա փոխհարաբերությունները մարդկանց միջև այլ փոխհարաբերությունների նման ունեն իրենց առանձնահատկությունները և կառուցվածքը։ Չնայած երեխայի հետ շփման հաստատումը ծնողի անմիջական խնդիրն է, սակայն այդ գործընթացն ավելի արդյունավետ և էմոցիոնալ դարձնելու համար կարևոր է երկու կողմի ներգրավվածությունը։ Այսինքն՝ երեխայի հետադարձ կապը նույնպես անհրաժեշտ է, ինչպես ծնողի կողմից «առաջին քայլը»։ Երեխայի կողմից ծնողի հետ համագործակցությունից խուսափելու վրա կարող է ազդել նրա խառնվածքն ու ծնողի նախնական դիրքորոշումը։ Ըստ Ալլա Սպիվակովսկայի՝ ծնողների դիրքորոշումը «իրական ուղղվածություն է, որի հիմքում ընկած է երեխայի գիտակցված կամ անգիտակից գնահատականը, որն արտահայտվում է երեխաների հետ փոխգործակցության եղանակներով և ձևերով։ Ծնողի դիրքորոշումը երեխայի նկատմամբ ծնողական զգացմունքային վերաբերմունքի, նրա հետ շփման ոճի և նրա հետ վարվելու եղանակների համակարգ է»[2]։

Ծնողների կողմից վերահսկողությունն անհրաժեշտ է։ Երեխայի կարգապահության պահպանումը ծնողի կարևոր խնդիրն է, բայց անհրաժեշտ է պահպանել երեխային օգնող և խանգարող վերահսկողության միջև սահմանը[2]։

Օրինակ, անհրաժեշտ է վերահսկել երեխային հիգիենայի, տնային առաջադրանքների կատարման, վարքագծի կանոնների պահպանման հարցերում։ Բացի վերահսկողությունից, երեխան անպայման պետք է իր և միմյանց նկատմամբ ծնողների սերը։ Հետագայում դա կարևոր կլինի երեխայի համար սեփական ընտանիքի ստեղծման տեսանկյունից։ Ընտանեկան հաղորդակցությունը երեխայի հիմնական կարիքներից մեկն է։ Դրա բացակայությունը կարող է ազդել ոչ միայն հոգեկան առողջության խախտման վրա, այլ նաև ունենա լուրջ ազդեցություն ֆիզիկական մակարդակում։

Կատարված հետազոտությունների ժամանակ նշվել է, որ ծնողի հետ մշտական շփումից և էմոցիոնալ մտերմությունից զուրկ երեխան ենթակա է առողջական խնդիրների (վատ է զարգանում, չի աճում, նիհարում է և կորցնում կյանքի նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը, տես դեպրիվացիա)։ Նաև նշվում է, որ կոնֆլիկտները լավագույնս լուծվում են հաղորդակցման մեթոդների միջոցով, որոնք օգնում են հարգանք և վստահություն հաստատել ընտանիքի ներսում[3]։

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ անվերապահ ծնողական սերը բնածին զգացում չէ, այն գալիս է երեխայի ծնվելուց անմիջապես հետո կամ ընդհանրապես չի դրսևորվում։ Այսպիսով, ըստ Օլգա Կարաբանովայի՝ կարելի է առանձնացնել երեխայի նկատմամբ վերաբերմունքի տարբեր տեսակներ․

  • Անվերապահ զգացմունքային ընդունում (երեխայի նկատմամբ սեր ցանկացած հանգամանքում),
  • պայմանական զգացմունքային ընդունում (սեր երեխայի նկատմամբ, եթե նա հասնում է որոշակի նվաճումների կամ կատարում որոշակի պայմաններ, որպեսզի արժանի լինի ծնողական սիրուն),
  • երեխայի նկատմամբ հակասական զգացմունքային վերաբերմունք (սիրո և մերժման համադրություն),
  • անտարբեր վերաբերմունք (ընդհանուր անտարբերություն, սառը վերաբերմունք, կարեկցանքի բացակայություն),
  • թաքնված զգացմունքային մերժում (երեխայի չընդունումը, անտեսումը),
  • բաց զգացմունքային մերժում։

Դաստիարակության ոճեր խմբագրել

Ընտանիքում երեխայի դաստիարակությունը կարող է որոշվել այնպիսի գործոններով, ինչպիսիք են ծնողական հայացքների ավանդական լինելը, ծնողների ընտանեկան դրությունը, ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ծնողների տարիքը և փորձը։ Կարելի է առանձնացնել երեխաների դաստիարակության տարբեր ոճեր։ Դաստիարակության ոճերի դասակարգման մոդելներ առաջարկել են շատ հոգեբաններ։ Այսպես, օրինակ, Գ. Կրայգն իր աշխատանքում[4] առանձնացրել է դաստիարակության հետևյալ ոճերը, որոնք հիմնված էին ծնողների վերահսկողության մակարդակի և երեխաների նկատմամբ ջերմության մակարդակի վրա․

  • Ավտորիտար՝ դաստիարակության նման ոճը պարունակում է խիստ վերահսկողություն և սառը վերաբերմունք ծնողների կողմից։ Ավտորիտար ոճը չի ենթադրում երեխայի հետ շփման հաստատում, բոլոր կանոնները պետք է հստակ կատարվեն, ծնողների խնդրանքներն ունեն հրամանի հատկություն։
  • Հեղինակավոր՝ այս ոճը բնութագրվում է չափավոր վերահսկողությամբ և երեխայի նկատմամբ ջերմ վերաբերմունքով։ Ծնողների կողմից խրախուսվում է ինքնուրույնության զարգացումը, կառուցվում են կառուցողական հարաբերություններ երեխաների հետ։ Հեղինակավոր ոճի հիմնական հատկությունը երեխայի հետ երկխոսության հաստատումն է։ Ընդունված բոլոր որոշումները, պատիժներն ու կանոններն անպայման քննարկվում են երեխաների հետ։
  • Լիբերալ՝ այս ոճին բնորոշ է վերահսկողության բացակայությունը և ջերմ վերաբերմունքը երեխայի հանդեպ։ Ծնողները միշտ բաց են հաղորդակցության համար, երեխաներին տրվում է լիակատար ազատություն և անվերապահ սեր։
  • Անտարբեր՝ այս ոճը հեղինակավոր ոճի հակապատկերն է և ունի բացասական ազդեցություն երեխայի անձի զարգացման վրա։ Բնորոշ է վերահսկողության բացակայությունը և սառը վերաբերմունքը երեխայի հանդեպ։ Ծնողները հետաքրքրություն չեն ցուցաբերում իրենց երեխայի նկատմամբ և փակ են հաղորդակցության համար։

Դաստիարակության այս ոճերն առանձանացված չեն միմյանցից, հաճախ ծնողները համակցված են կիրառում դրանք՝ կախված հանգամանքներից։ Բացի այդ, ծնողները կարող են տարբեր լինել դաստիարակչական ոճերը օգտագործելու հարցում, այդ պատճառով ոճերը փոխլրացնում են միմյանց կամ հակասում, ինչն իր հերթին խոչընդոտում է դաստիարակչական աշխատանքին։

Ծնողական համակարգ խմբագրել

Երեխայի դաստիարակության ոճն ուղղակիորեն կախված է ծնող լինելու մոտիվացիայի կառուցվածքից։ Այս կառույցը որոշվում է ընտանիքում երեխայի արժեքի մակարդակով։ Կախված դրանից՝ առանձնանում են երեք տիպի ընտանիքներ.

  1. Առաջին տեսակ՝ երեխայի բարձր արժեք, ծնողների նպատակաուղղված գործունեություն, գիտակցված և ծրագրված հղիություն, երեխաները ընտանիքում քիչ են, սովորաբար մեկը։
  2. Երկրորդ տեսակ՝ երեխայի ցածր արժեք, երեխայի ծնունդը կախված է հանգամանքներից, պատահական հղիություն, երեխաները ընտանիքում սովորաբար շատ են։
  3. Երրորդ տեսակ՝ երեխաները տվյալ ընտանիքներում գնահատվում են երեխայի ծննդյան հետ կապված արտոնությունների առկայության պատճառով։ Ծնողների ինքնահաստատումը և հասարակության մեջ ճանաչումը ընտանիքում երեխայի ծննդյան գլխավոր շարժառիթներն են։

Ծնողական հարաբերությունների առանձնահատկությունները տարբեր տարիքային փուլերում խմբագրել

Ծնող-երեխա փոխհարաբերությունները ընտանեկան հարաբերությունների անհրաժեշտ ենթահամակարգն են։ Այդ հարաբերությունները կարող են դիտարկվել որպես շարունակական, երկարաժամկետ և պայմանավորված երեխայի և ծնողի տարիքային առանձնահատկություններով[5]։

Ծնող-երեխա փոխհարաբերություններում կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել ինչպես երեխայի ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական կարիքներին յուրաքանչյուր ժամանակահատվածում։

Ընտանիքի գլխավոր խնդիրներն են երեխայի առաջին սոցիալական պահանջմունքի՝ սոցիալական շփման պահանջմունքի (Մայա Լիսինա), աշխարհի նկատմամբ հիմնական վստահության (էրիկ Էրիքսոն) ձևավորումը և կապվածության տեսությունը (Ջ. Բոուլբի, Մ. Էյնսվորթ) մանուկ հասակում[5]։

Երեխան պետք է զգա շրջապատող աշխարհի անվտանգությունը, և ծնողի դերը այս ժամանակահատվածում չափազանց մեծ է, քանի որ իր կարիքները երեխան չի կարող բավարարել իր անօգնականության պատճառով։ Երեխան պետք է ակտիվ փոխազդեցություն ունենա մեծահասակների հետ, քանի որ այս դեպքում ծնողը միակ աղբյուրն է, որը կարող է բավարարել նրա պահանջմունքները։ Իսկ եթե կապվածությունը չձևավորվի մինչև 12 ամսականը, ապա երեխայի հոգեկան զարգացումը կարող է խախտվել[2]։

Առարկայական-գործիքային կոմպետենտության ձևավորումը վաղ տարիքում երեխա-ծնող փոխհարաբերությունների առանձնահատկությունն է։ Այս փուլում առարկաները երեխայի համար դառնում են ոչ թե պարզապես օբյեկտ, այլ որոշակի նպատակ և օգտագործման որոշակի եղանակ ունեցող իրեր։ Երեխան ուսումնասիրում է առարկաների իրական նշանակությունը, տիրապետման եղանակները, և մեծահասակների խնդիրն է ուղղորդել, համագործակցել, օգնել դժվար իրավիճակներում։

Նախադպրոցական տարիքում ծնողները զարգացնում են երեխայի սոցիալական կոմպետենտությունը։ Ծնողը հանդես է գալիս որպես սոցիալական աշխարհում ուղեկցող, խաղում է երեխայի հետ, սովորեցնում համատեղ խաղի կանոնները։ Բացի այդ, այս տարիքային փուլում ծնողը զբաղվում է երեխայի դպրոցական նախապատրաստությամբ, շփումը կարող է իրադրային-գործնական բնույթ ունենալ։ Այս ամենը երեխային պատրաստում է նոր սոցիալական միջավայր մտնելուն։

Համագործակցությունը և աջակցությունը գիտական հասկացությունների համակարգի յուրացմանը և ինքնուրույն ուսումնական գործունեության իրականացմանը հանդիսանում են երեխա-ծնող հարաբերությունների առանձնահատկությունը կրտսեր դպրոցական տարիքում։ Պատանեկության և երիտասարդության տարիքում երեխա-ծնող հարաբերությունները որոշվում են ծնողների կողմից երեխայի ինքնավարության և ինքնագիտակցության զարգացման համար պայմանների ստեղծմամբ[5]։

Մեթոդիկաներ խմբագրել

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդիկաներ, որոնք կօգնեն ախտորոշել ծնող-երեխա փոխհարաբերությունները.

  1. «Ընտանեկան փոխհարաբերությունների վերլուծություն» (АСВ)՝ է. Գ. Էյդեմիլլեր, Վ. Վ. Յուստիցկիս [1]
  2. «Ծնողական հարաբերությունների հարցաթերթիկ» (ԾՀՀ)՝ Ա. Յ. Վարգա, Վ. Վ. Ստոլին [2]
  3. «PARI մեթոդիկա» (parental attitude research instrument)՝ Ե.Ս. Շեֆեր և Ռ. Կ. Բելլ [3]
  4. «Ծնող-երեխա փոխազդեցություն» հարցաշար (Ի. Մ. Մարկովսկայա) [4]
  5. «Ծնողների վարքագիծը և դեռահասների վերաբերմունքը նրանց նկատմամբ»՝ Ե. Շաֆեր (դեռահասները ծնողների մասին) [5]
  6. Երեխայի հետ ծնողի հաղորդակցման սանդղակ՝ Ա. Ի. Բարկան
  7. «Ընտանեկան դաստիարակության ռազմավարություն» [6]
  8. «Ծնողների հետ երեխաների նույնականացման մեթոդիկա» հարցաթերթիկ՝ Ա. Ի. Զարովա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Кон И. С. Психология ранней юности//Возрастная и педагогическая психология/Под ред. А. В. Петровского. М., 1979.
  2. 2,0 2,1 2,2 Карабанова О. А. Психология семейных отношений: Учебное пособие. — Самара: Издательство СИОКПП, 2001. — 122 с.
  3. Гиппенрейтер Ю. Б. Общаться с ребенком. Как? — Москва: АСТ, 2014. — 238с.
  4. Крайг Г. Психология развития. — СПб.: Питер, 2000
  5. 5,0 5,1 5,2 Карабанова О. А.. Психология семейных отношений и основы семейного консультирования: Учебное пособие. — М.: Гардарики,2005. — 320 с.. 2005

Գրականություն խմբագրել

  1. Гиппенрейтер Ю. Б. Общаться с ребенком. Как? — Москва: АСТ, 2014. — 238с.
  2. Иванова Н. В. Формирование социального пространства отношений ребенка в дошкольном образовательном — Череповец: ЧГУ, 2002. — 150с.
  3. Карабанова О. А. Психология семейных отношений: Учебное пособие. — Самара: Издательство СИОКПП, 2001. — 122 с.
  4. Карабанова О. А. Психология семейных отношений и основы семейного консультирования: Учебное пособие. — М.: Гардарики,2005. — 320 с.
  5. Кон И. С. Психология ранней юности // Возрастная и педагогическая психология/Под ред. А. В. Петровского. — М., 1979.
  6. Крайг Г. Психология развития. — СПб.: Питер, 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Ծնող-երեխա փոխհարաբերությունների ախտորոշման մեթոդիկա
  2. Կարաբանովա Օ․Ա․ «Տարիքային հոգեբանություն․ Դասախոսությունների կոնսպեկտ