Ծիրանի փողը[1], Ակսել Բակունցի պատմվածքներից է, սասունցիների նոր կյանքի մասին։ Պատմվածքը ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ, գրվել է 1931 թվականին[2]:

Ծիրանի փողը
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1931
Կերպարներ

Ազնիվ, մունջ Սևդո, Հազրո,

ջրվոր,Ցոլակ ձի

Տպագրման պատմություն խմբագրել

Առանձին արժեք ունեն Ակսել Բակունցի քաղաքական թեմայով գրված երկերը։ «Ծիրանի փողը» գրվել է 1931 թվականին, բայց լույս է տեսել 1933 թվականին՝ «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուում[3]։ «Ծիրանի փողը» ժանրային առումով փոքր-ինչ «խառնածին» է. պատմվածքը կազմված է վիպական, բանաստեղծական, ակնարկային տարրերից, երբեմն էլ հերոսական ձևը հյուսվում է ասքի, ավանդապատումի երանգներով։ Թվում է՝ մի սովորական ակնարկ է «Ծիրանի փողը», սասունցիների կյանքի մասին, բայց այստեղ ևս երևում են հոգեբանի դիտողականությունը և խոսքի ուժը։ Ակսել Բակունցի արձակում ինքնուրույն խումբ են կազմում այն հերոսները, որոնք «եկվորներ» են, փրկվել են կոտորածներից, հաստատվել Արևելյան Հայաստանի տարբեր շեներում։ Թվում է՝ չարիքն անցել է, բայց ահա Հազրոն ապրելով, մաքառելով, ստեղծելով հանդերձ՝ ունի խուլ ու փակ տառապանք, քանի որ բացահայտ չէր կարողանում խոսել երկրից, կորուստներից, ոսոխի դաժանություններից, վերադառնալու հույսից, հիշատակներից։ Հողի կանչը, հողի պաշտամունքը և երկրի կարոտը, սրանք գեղարվեստական միջավայրում ամեն անգամ ստանում են խիտ գունավորում[2][4]։

Սյուժե խմբագրել

Պատմվածքի դիպաշարը սկսվում է ուղեգրությունների տետրը թերթելով։ Պատմվածքի կենտրոնում Հազրոն է իր ընտանիքի հետ։ Նրա հայրենիքը եղել է Սասունը, որտեղ ապրել են Հազրոյի նախահայրերը։ Այնտեղ փռված են աղքատ հյուղակները, մարդիկ ցանում էին ցորեն, հյուսում երգեր, առասպելներ ու պատմություններ։ Հազրոն մեծացել էր հենց այս միջավայրում։ Թվում էր՝ այս կյանքը դեռ երկար պետք է ուղեկցեր Հազրոյին, սակայն պատերազմը ամեն ինչ ավերում է։ Հազրոն անսահման կարոտ է զգում կորցրած հայրենիքի ու հողի նկատմամբ։ Նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի Սասնա լեռները։ Նա չի կարողանում մոռանալ մանկությունը, հիշատակները, հողը, ծննդավայրը։ Հազրոն նվագում է և մտածում լքված հայրենի գյուղի մասին։ Հազրոն երազում է, որ կգնա հայրենի գյուղը, կտեսնի Մարութա բարձր սարը, իր մանկության ձորերն ու քարերը։ Մարդիկ նորից հարազատի պես կգրկեն իրար, չի լինի տեր, մշակ, թուր ու բռնություն և ինքը կփչի ծիրանի փողը, կերգի խաղաղության երգեր։ Հազրոն զրուցակցի այն հարցին, թե ում է տալու իր ծիրանի փողը, պատասխանում է, որ այն կտակելու է իր քաջարծիվ թոնիկին։ Եվ ահա մի վիթխարի ծիրանի փող առանց հին ահի ու նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը[2][5]։

Գաղափարական բովանդակություն խմբագրել

«Ծիրանի փողի» տարագիր բեկորները, բույն դնելով հայրենի հողի մի նոր անկյունում, շարունակում են պահպանել իրենց տոհմիկ-բնաշխարհիկ որակները և դրան կից՝ ապրում են «հին» հողի կարոտներով։ Կարևոր է ընդգծել «Ծիրանի փողի» ևս մի առանձնահատկություն, որով Բակունցը, իբրև սկիզբ, վերստին 20-րդ դարի արձակին հատուկ գեղագիտական որոնումների և ոճի հաստատման ոլորտում է. նա այստեղ դիմում է «սիմվոլների գեղագիտությանը», որը գեղարվեստական պատկերին հաղորդում է արտաքին սեղմություն և ներքին, խոհական ծավալայնություն։ Հազրոյի ծիրանի փողից ելնող ծուխը հեռվում մնացած հայրենիքի կարոտն էր, կորստի ցավի բոցը։ «Ծիրանի փողը» պատմվածքում Բակունցը ներկայացնում է կորսված հայրենիքի ողբերգությունը, գոյատևման հավատն ու մաքառման համառ ոգին[4][6][7]։

Կերպարներ խմբագրել

Ազնիվ, մունջ Սևդո, Հազրո, ջրվոր, Ցոլակ ձի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծիրանի փողը». Վիքիդարան.
  2. 2,0 2,1 2,2 Թամրազյան, Հրանտ (1980). Սովետահայ գրականության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. ISBN 005266. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. (PDF) http://lib.ysu.am/open_books/190320_1.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. 4,0 4,1 Աթաբեկյան, Սերգեյ. Ակսել Բակունց, Խոսքի ու լռության պոեզիան. Երևան.
  5. 5,0 5,1 Ակսել, Բակունց (1955). Երկեր. Երևան: ՀԱՅՊԵՏՀՐԱՏ. էջեր 107–116. ISBN 005859. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  6. Մնացականյան, Եվա (2011). Հայ գրականության պատմություն. Հարցեր և պատասխաններ. Երևան: ՎՄՎ-ՊՐԻՆՏ. էջ 271.
  7. Աղաբաբյան, Սուրեն (1971). Ակսել Բակունց. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 268.