Ծերունի Ավետարան (1391)

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր

Պատմություն խմբագրել

Ծերուն Ծաղկողի նկարազարդած Մ. 8772 ձեռագիրը՝ Ավետարան, Մատենադարանի հավաքածու է մուտք գործել 1939 թ.: Այս մատյանը գրվել է 1359 թ. Վանում, գրիչն է Արիստակեսը։ Նկարազարդվել է 1391 թ. Ծերուն Ծաղկողի կողմից։ Ավետարանի առաջին ստացողը եղել է Գրիգորը, իսկ երկրորդը՝ Սիմեոն քահանան։ Վերջինիս պատվերով էլ կատարվել են Ծերունի նկարազարդումները։

Այս Ավետարանն ունի 275 թերթ՝ թուղթ։ Չափերն են՝ 15,5×11,5: Գրված է երկսյուն, բոլորգրով, տողերի քանակը՝ 26: Զարդագրությունը կատարված է հանգուցագրով։ Ունի մագաղաթյա 2 պահպանակ «Ճառընտիր»՝ գրված ուղղագիծ երկաթագրով։ Ձեռագիրն ունի արծաթյա ականակուռ կրկնակազմ՝ զույգ խաչերով զարդարված։ Ունի հիշատակարան գրչի՝ 70ա, 270բ, ծաղկողի՝ 15բ, 271բ, հետագայի՝ 1բ, 272բ, 273ա։ Ձեռագիրն ունի 24 տերունական պատկեր, որոնք հավաքված են տեքստի սկզբում՝ «Դժոխքի ավերումը»` 2բ, «Աստվածամոր նինջը»՝ 3ա, «Աբրահամի զոհաբերությունը»՝ 3բ, «Ավետում»՝ 4ա, «Մոգերի երկրպագությունը»՝ 4բ, «Ծնունդ»՝ 5ա, «Ընծայումն տաճարին»՝ 5բ, «Մկրտություն»՝ 6ա, «Պայծառակերպություն»՝ 6բ, «Հարսանիքը Կանայում»՝ 7ա, «Պետրոսի թերահավատությունը»՝ 7բ, «Անդամալույծի բժշկումը»՝ 8ա, «Դիվահարի բժշկումը»՝ 8բ, «Նկանակի բաշխումը»՝ 9ա, «Ղազարոսի հարությունը»՝ 9բ, «Մուտք Երուսաղեմ»՝ 10ա, «Թացեալ պատառ»՝ 10բ, «Ոտնլվա»՝ 11ա, «Մատնություն»՝ 11բ, «Պիղատոսը լվանում է ձեռքերը»՝ 12ա, «Խաչելություն»՝ 12բ, «Հարություն»՝ 13ա, «Համբարձում»՝ 13բ, «Մարիամը և առաքյալները»՝ 14ա, «Չորեքկերպյան աթոռ»՝ 14բ, «Հոգեգալուստ»՝ 15ա։

Ամենայն հավանականությամբ, հետագա վերանորոգումների պատճառով Ավետարանում մանրանկարների դասավորությունը խախտվել է` «Աբրահամի զոհաբերությունը» տեսարանի փոխարեն, պատկերների շարքը սկսվում է «Դժոխքի ավերումը» և «Աստվածամոր նինջը» տեսարաններով, որոնք սովորաբար պատկերաշարի վերջում են ներկայացվում։

Ավետարանական հաջորդական նկարաշարից զատ մեր ձեռագրում հատուկ տեղ են գրավում նաև Ծերունի ինքնանկարը (թերթ 15բ), և պատվիրատու Սիմեոն քահանայի ու նրա որդու՝ Աստվածատուրի դիմանկարը (թերթ 17ա)։

Գրականություն խմբագրել

  • Հակոբյան Հ., Ծաղկող Ծերուն քահանա, «Էջմիածին», Մայր Աթոռ ս. Էջմիածին, 1974, հ. 2, 28-33
  • Հակոբյան Հ., Վասպուրականի մանրանկարչությունը, հ. Բ, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1982
  • Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա, կազմեցին՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1965
  • Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ, կազմեցին՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1970