Ծալքավորություն, երկրաբանական տերմին, որն օգտագործվում է երկու իմաստով. որպես երկրակեղևը կազմող շերտերի ճմլման ու դեֆորմացման պրոցես (ծալքագոյացում) և այդ պրոցեսի հետևանքով առաջացած ծալքերի միակցություն, ծալքավոր կառուցվածք։ Կա ծալքավորության երկու հիմնական մորֆո-գենետիկական տիպ՝ ընդհատվող կամ պլատֆորմային, և լրիվ (գծային) կամ գեոսինկլինալային։

Պլատֆորմային ծալքավորություն խմբագրել

Պլատֆորմային ծալքավորությունը բնորոշվում է շերտերի կլորավուն կամ ձվաձև, ցաքուցրիվ գալարներով, որոնք ըստ թևերի անկման անկյան սովորաբար լինում են ոչ սիմետրիկ և ավելի զառիթափ թևում բարդացված են ֆլեքսուրաներով ու խզումներով (գմբեթներ, կամարներ)։ Այդպիսի ծալքերը տարածված են հին պլատֆորմներում (Արևելա-Եվրոպական, Սիբիրական) և ծագմամբ կապված են պլատֆորմային հիմքի խզումնային խախտումների հետ։

Գեոսինկլինալային ծալքավորություն խմբագրել

Գեոսինկլինալային տիպի ծալքավորությանը հատուկ են իրար զուգահեռ, ավելի երկար ձգվող ու ավելի ուժգին ճմլված անտիկլինալ ու սինկլինալ ծալքեր, որոնք ունեն տարածման որոշակի ուղղություն և բնորոշ են գեոսինկլինալային ծալքավոր գոտիներին (Կովկաս, Հիմալայներ, Ալպեր, Ուրալ

Անտիկլինալ ու սինկլինալ ծալքերը, խմբավորվելով, կազմում են ավելի մեծ տեկտոնական կառուցվածքներ՝ անտիկլինորիումներ և սինկլինորիումներ։ Մի շարք ծալքեր (դիապիրային, արկղաձև, կատարաձև) անցողիկ են երկու հիմնական տիպերի միջև և զարգացած են գլխավորապես նախալեռնային իջվածքներում ու գեոսինկլինալային գոտիների ավելի թույլ ծալքավորված մասերում։ Ծալքավոր կառուցվածքներն առաջանում են երկրակեղևի հորիզոնական և ուղղաձիգ տեկտոնական շարժումների հետևանքով, որոնք հարատև են, սակայն առանձին երկրաբանական ժամանակաշրջաններում ուժգնանում են (տեկտոնական փուլեր) և առաջ բերում որակական փոփոխություններ երկրակեղևի կառուցվածքում։ Երկրակեղևի արդի տեկտոնական կառուցվածքը ձևավորվել է բազմաթիվ (ավելի քան 30) տեկտոնական փուլերի հետևանքով, որոնք խմբավորվում են լավրենտյան, ալգոնյան, բայկալյան, կալեդոնյան, հերցինյան և ալպյան տեկտոնական ժամանակաշրջաններում։ Վերջիններս միմյանցից տարբերվում են տևողությամբ, տեղաբաշխմամբ, ծալքավորման պլանով և ուժգնությամբ, մագմատիզմով, մետաղածնությամբ և այլն։ Ծալքավոր պրոցեսները հիմնականում կատարվում են գեոսինկլինալային մարզերում, որոնք ծալքավորության հետևանքով կորցնում են իրենց շարժունակությունը և վերածվում ծալքավոր-բեկորային լեռների։ Մեր մոլորակի երկրաբանական պատմության ընթացքում, Արխեյան դարաշրջանից մինչև այժմ, հաջորդաբար կատարվել է գեոսինկլինալային մարզերի կրճատում։ 1979 թ դրությամբ գեոսինկլինալային տիպի ռեժիմ պահպանվել էր լոկ Շուրջխաղաղօվկիանոսյան գոտում և Ալպ-Հիմալայան գոտու որոշ (Միջերկրածովային) մասերում։ Երկրակեղևի տեկտոնական զարգացման պատմությունը փաստորեն գեոսինկլինալների ծալքավորության, կարծրացման և ապա ծալքավոր-բեկորային լեռների վերածվելու պատմությունն է։ Ծալքավորության պրոցեսների հիմնական պատճառները տակավին պարզաբանված չեն։ Ծալքավորությունների մանրազնին ուսումնասիրություններն ունեն ոչ միայն տեսական, այլ նաև կարևոր գործնական նշանակություն, քանի որ ծալքավոր դեֆորմացիաները վերահսկում են նավթի, գազի և բազմաթիվ այլ օգտակար հանածոների տեղաբաշխումը։ Ծալքավորության պրոցեսները և դրանց հետևանքով գոյացած երկրաբանական կառուցվածքները հետազոտվում են երկրաբանական հանույթի, հատուկ կառուցվածքային ուսումնասիրությունների, հորատանցքերի, ինչպես նաև լաբորատոր մոդելավորման օգնությամբ։ Այժմ լայն կիրառություն են գտնում ծալքավոր կառուցվածքների հետազոտման աերո-, երկրաֆիզիկական և տիեզերական հանույթի մեթոդները։ Հայաստանի տարածքում լայնորեն զարգացած են ամենատարբեր տիպի ծալքավոր կառուցվածքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 105