Խոպան, ժամանակակից ժարգոնային բառ, որով բնութագրում են այլ երկրներում ցածր որակի աշխատանքներում ներգրավված Հայաստանի քաղաքացիներին։ Համաձայն Արդի հայերենի բացատրական բառարանի, խոպան նշանակում է «չզարգացած, անկիրթ մնացած»[1], որով էլ բացատրվում է եզրի ժամանակակից օգտագործումը, քանի որ խոպան գնացողների հիմնական մասը կազմում են ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական կրթություն չունեցող քաղաքացիներ։

«Խոպանչիների մասին» օրենքը խմբագրել

2015 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որով կառավարությունը սահմանում է, որ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով, որը պետք է վճարվի Հայաստանում[2]։

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին։ Այսինքն՝ կառավարությունը սահմանում է, որ արտերկրում աշխատողներն էլ Հայաստանի Հանրապետությունում պետք է օրինական ձևակերպում ստանան և պետբյուջե հարկեր վճարեն[2]։

«Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան արտերկրում շինարարական աշխատանքների կատարման ծրագրեր, և այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոսի չափով[2]։

Քվեարկությամբ՝ 65 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ, օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդուարդ Աղայան // Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976
  2. 2,0 2,1 2,2 2,3 ««Խոպանչիների մասին» անունը ստացած օրինագիծն ընդունվեց. պարզվում է՝ օրենքը սխալ ե ներկայացվել». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.