Խոշոր եղջերավորների քթաշնչափողաբորբ

Խոշոր եղջերավորների վարակիչ քթաշնչափողաբորբ, սուր հպումային վիրուսային հիվանդություն, բնորոշվում է տենդով, վերին շնչուղիների լորձաթաղանթի կատառային-մեռուկային բորբոքումներով, աչքի, սեռական օրգանների, ԿՆՀ-ի ախտահարումով, վիժումներով։ Վարակի հարուցչի աղբյուրը հիվանդ և առողջացած կենդանիներն են, որոնք 6-19 ամիս քթահոսքի, աչքի և սեռական օրգանների արտահոսությունների, կաթի, մեզի, կղանքի, սերմնահեղուկի հետ արտաթորում են վիրուսներ։ Հատկապես վտանգավոր են առողջացած արտադրող ցուլերը։ Վարակը տարածվում է օդային ճանապարհով և սերմնավորման ժամանակ։ Հիվանդությունը հաճախ ծագում է արդիական տիպի տնտեսությույուններում, որտեղ նախիրը համալրում են առանձին վայրերից ներկրված, տարբեր վարակամերժությամբ գլխաքանակով։ Առողջացած կենդանիները ձեռք են բերում 5 տարվա վարակամերժություն։

Ախտորոշում

խմբագրել

Համաճարակային, կլինիկական, ախտաբանաանատիական տվյալների հիման վրա և լաբորատոր հետազոտությամբ։

Բուժում

խմբագրել

Նպատակաուղղվում է բարդությունների կանխմանը (հակաբիոտիկներ, սուլֆանի լամիդներ՝ աերոզոլերի ձևով)։

Կանխարգելում և պայքարի միջոցառումներ

խմբագրել

Կարանտին, հիվանդների մեկուսացում և իմունացում։ Տնտեսությունից սահմանափակումները հանում են վերջին առողջացած կենդանու և անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառումից 30 օր հետո։ Տոհմային նպատակներով կենդանիների արտահանումը և սերմնավորման համար սերմնահեղուկի օգտագործումը թույլատրվում է սահմանափակումները հանելուց 2 ամիս հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։