Խնձորենու սղոցող

Խնձորենու սղոցող (լատին․՝ Haplocampa testudinea klug), խնձորենու վնասատու։

Նկարագրություն խմբագրել

Մարմինը (երկարությունը՝ 6–7 մմ) ներքևից դեղին է, իսկ վերևի կողմում՝ գորշասև։ Թևերն անգույն են։ Թրթուրն ունի 10 զույգ ոտքեր։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլն։ Հայաստանում հանդիպում է հյուսիս-արևլյան շրջաններում, Երևանի շրջակա խնձորուտներում։ Թրթուրը ձմեռում է հողում (1–16 սմ խորություն), հարսնյակավորում է վաղ գարնանը, հասունների թռիչքը՝ ապրիլի վերջերին։ Ձվադրում են (50–80 ձու) ծաղկակոկոնների բաժակաթերթիկների հիմքում՝ էգի կողմից սղոցաձև ձվադիրով բացված անցքի մեջ։ Ձվի զարգացումը՝ 7–10 օր։ Տարեկան տալիս է 1 սերունդ։ Ձվից դուրս եկած թրթուրները սնվում են նոր ձևավորված պտուղներով։ Խնձորենու սղոցողը վնասում է միայն խնձորենուն։

Պայքարի միջոցառումները խմբագրել

Խնձորենու սղոցողի դեմ պայքարում են վեգետացիայի ընթացքում ծառերի մշակմամբ՝ ագրորի (400 գ/լ), անթիոյի (250 գ/լ), դանադիմի (400 գ/լ) խտացված էմուլսիաներով և այլ քիմիական միջոցներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։