Խիլոդոնելոզ, լճակային ձկների ինվազիոն հիվանդություն։ Հարուցիչները Chilodonella ciprini ինֆուզորիաներն են։ Ախտահարվում են մաշկն ու խռիկները։ Վարակվում են հիվանդ ձկներից (այդ թվում՝ աղտոտված)՝ ջրի միջոցով։ Հիվանդանում են միայն 1 տարեկան ձկները՝ ձմռանը։

Բնորոշ ախտանշան խմբագրել

Ձկները դուրս են գալիս լճակի մակերևույթ։ Մարմնի, խռիկների վրա գոյանում են «կաթնային» փառ և լորձ, ապա սկսվում է խռիկների մեռուկացում, բուռն ինվազիայի դեպքում՝ ձկների զանգվածային անկումներ։

Ախտորոշում խմբագրել

Մաշկի քերուկներում ինֆուզորիաների մանրադիտակային հայտնաբերում։

Բուժում խմբագրել

Ձմռանը լճակներում ձկների մշակում (ջրամբարում ստեղծում են կերակրի աղի 0,1–0,2%-անոց լուծույթ և ձկներին այնտեղ պահում 1–2 օր)։ Ջրի ջերմաստիճանի 1 °C-ից ցածրի դեպքում աղի փոխարեն օգտագործում են մալաքիտային կանաչ, որը սառցանցքերով լցնում են լճակ, ստեղծելով 0,1–0,2 գ/մ³ կոնցենտրացիա, 4–5 ժ։ Մշակումը կատարում են օրումեջ՝ 2 անգամ։

Կանխարգելում խմբագրել

Աղտոտված ձկների ու ջրի միջոցով հարուցիչներիների ներսբերման կանխում։ Դրա համար ջրամատակարարման ջրանցքներում և ջրհորդաններում տեղադրում են ցանցեր և 25–40 սմ հաստությամբ մանրախճավազային զտիչներ։ Անապահով լճակների դեզինվազացում՝ չհանգած կրով կամ քլորակրով։ Ձմեռնամուտից առաջ և գարնանը ձմեռանոցներից ձկնաորսի ժամանակ մշակում են հակամակաբուծային աղային կամ ամոնիակային լոգնոցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։